News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 19-ին Երեւանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը:

«Մի քանի կարգախոս էր քննարկվում: Վերջիվերջո ընտրեցինք «Սրտումս Երեւան», քանի որ քաղաքի ցանկացած բնակիչ իր սրտում ունի Երեւանը: Սա նաեւ սիրո յուրօրինակ խոստովանություն է», - նշում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Սրտումս Երեւան»: Խոստովանությունը բառերով հնչում էր, իսկ ինչպե՞ս այն պետք է գրվեր ու մատուցվեր: Տարբերանշանի ստեղծման ու պաստառների մշակման գործին անցան գրաֆիկ-դիզայներները: «Էրեբունի-Երեւան 2801» տարբերանշանով պաստառներն արդեն հանդիպում են քաղաքի տարբեր հատվածներում եւ հուշում առաջիկա համաքաղաքային տոնի մասին: Տարբերանշանը օգտագործվում է նաեւ տարբեր աքսեսուարների թողարկման ժամանակ:

***

«Հետեւի՛ր արեւին, արի՛ Երեւան». տոնը կհիշվի ու կնշանավորվի մանսուրյանական երաժշտությամբ: Մաեստրոյի ստեղծագործությունը, որը գրվել էր հատուկ պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համար, արդեն ձայնագրված է: Այս օրերին նկարահանվում է նաեւ տեսահոլովակը:

Ռեժիսորի մտահղացմամբ, ստեղծագործության հնչյունները լսվում են քաղաքի տարբեր անկյուններում: Դրանք պատշգամբ են հրավիրում մշակութային հայտնի գործիչներին, արվեստագետներին, նաեւ պետական ու քաղաքական դեմքերին: Տեսահոլովակում նկարահանվել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքապետ Հայկ Մարությանը:

***

Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում:

«Կենտրոնից միջոցառումները հանում ենք եւ տեղափոխում վարչական շրջաններ: Սա նշանակում է, որ հավասարապես է տոնը նշվելու»,- ասում է փոխքաղաքապետը:

Տոնին քիչ ժամանակ է մնացել, իսկ անելիքները դեռ շատ են: Փոխքաղաքապետը վարչական շրջաններում անձամբ է ծանոթանում նախապատրաստական ընթացքին, խնդիրներին:

Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական ամեն մի շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:

«Էրեբունի-Երեւան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաեւ պարգեւատրման արարողություն եւ մշակութային մաս»,-նշում է Տիգրան Վիրաբյանը:

«Երաժշտացանկում կլինեն Խաչատրյան, Բաբաջանյան, բայց խուսափում ենք ավանդական ռեպերտուարից, կառաջարկենք մի փոքր այլ տարբերակ: Իսկապես կլինի տոն»,-ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Էրեբունի - Երեւան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում ծրագիրը մանկապատանեկան է: Դասականների սիրահարներին Երեւանը հրավիրում է Արաբկիր: Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում: Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին, Կենտրոնում փոփ համերգ է սպասվում:

Մալաթիայում էստրադային բեմն է: Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում: Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում: Ռոքի հայ աստղերին լսելու համար պետք է Նուբարաշեն հասնեք, հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ: Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում: 22.00-ին Երեւանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ:

Տպել
Ամենաշատ