News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ես այն ժամանակ երկու պայման էի առաջադրել: Ասել էի, որ չեմ ցանկանում մասնակցել քաղաքականության, որը դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք իբրև թե թույլ են տվել սխալներ: Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չէին, իրավիճակն է այդպիսին եղել:

Օրինակ՝ Հիտլերը հարձակվեց Սովետական Միության վրա, մինչև անգամ Մոսկվա հասավ, ի՞նչ՝ պետք էր բոլորին վերացնեին՝ Ստալինի գլխավորությա՞մբ: Կենտրոնացան ու ետ մղեցին:

Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են: Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, նա ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության մասին հարցին:

Նա նշել է, որ պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հարցերին, հայրենասիրաբար, հարգելով բոլոր ղեկավարներին, հրամանատարներին, սպաներին, որոնք այդ ժամանակ ենթարկվել են կրակահերթերի, վիրավորվել են, զոհվել են, և այլն:

«Այդ հրամանատարների գլխավորությամբ մեր հրաշք զինվորները հետ են մղել հսկայական ուժ, նրանց պետք է գովել և շնորհավորել: Այո, թերություններ եղել են, ենթակա են վերացման: Ռազմական գործում նման տրամաբանություն պետք է լինի: Իսկ այստեղ այլ է՝ բոլորին հանում են, անվանում են հանցագործներ, ես նման բաներով չեմ զբաղվում, կներեք ինձ»,- ասել է նա:

Նաև հավելել է. «Ես ուշադրությամբ եմ հետևում իրավիճակին Ղարաբաղի շուրջ: Ղարաբաղում մշտապես կա հակառակորդի կողմից ագրեսիայի ռիսկ: Հենց այդ պատճառով մեր զինված ուժերը պետք է զբաղվեն ռազմական քաղաքական պատրաստվածությամբ՝ կատարելագործելով սեփական գիտելիքները, փորձը, վարժանքներ պետք է իրականացվեն: Երբ հակառակորդն է զորավարժություն սկսում, մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դրանք կարող են հանկարծակի վերաճել ռազմական գործողությունների: Կարող է մի կողմից՝ կրակեն, մյուսից՝ հարձակվեն:

Պետք է վարել խաղաղ բանակցություններ և հասցնել մինչև վերջ: Ապացուցելով, որ Ղարաբաղը մեր հողն է, ոչ թե պարզապես այնպիսի հայտարարություններով, ինչպես պարոն Փաշինյանը, երբ ասում է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ Ալիևը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Հիմարություն են խոսում, պետք է շատ ուշադիր լինել, վարել բանակցություններ և ապացուցել, որ Ղարաբաղը 21 թվականին տվել են Ադրբեջանին, պետք է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ, որպեսզի այդ պայմանագիրը չեղարկվի, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել