News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առջեւ նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամները չեն ցանկանում նախարար Արայիկ Հարությունյանի հետ որեւէ քննարկման մասնակցել:

«Սա համընդհանուր խնդիր է, սա ինչ-որ կուսակցության, քաղաքական ուժի խնդիր չէ: Հիմա մեկ օրակարգ կա՝  Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այդ մարդը վնասում է մեր կրթական համակարգը, մշակույթը, սպորտը, ինչպես կարողանում է՝ վնասում է: Լավ կլինի, որ էլ ավելի շատ մարդիկ միանան մեր կոչին: Մենք որեւէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք, կարող ենք միայն հրաժարականի շուրջ բանակցել»,- ասել է ՀՅԴ երիտասարդական միության անդամ Արսեն Մարտոյանը:

Նշենք, որ նախօրեին նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասել էր, որ պատրաստ է խնդիրներն օրերով, ամիսներով քննարկել երիտասարդների հետ:

Հիշեցնենք, որ դաշնակցական երիտասարդները 5-րդ օրն է` նստացույց են անում նախարարությունների շենքի մոտ` պահանջելով Արայիկ Հարությունյանի պաշտոնաթողությունը: Արդեն 2 օր է նրանք եւ դասադուլ հայտարարած ուսանողները իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքում բուհերի ուսանողներին կոչ անելով միանալ իրենց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ են հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարժվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն, առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարությունից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ