News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ նրա եվրոպացի դաշնակիցները չեն կարողանում համաձայնության հասնել, թե ինչպես վարվեն Սիրիայի բանտերում գտնվող հազարավոր ջիհադականների հետ: Վաշինգտոնը Փարիզի առաջարկը՝ զինյալներին Իրաքում դատելու մասին «անպատասխանատու» է անվանել, փոխանցում է AFP-ն:

Ավելի քան 30 երկրից բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են մեծացնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ արշավի համակարգումը, որը Ֆրանսիան առաջարկել էր Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Ֆրանսիան առանձնահատուկ մտահոգված է Սիրիայից ԱՄՆ զորքերը դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Թրամփի որոշումը Թուրքիային թույլ տվեց ներխուժել Սիրիայի հյուսիս քուրդ ապստամբների վրա հարձակվելու համար, որոնք ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներն էին:

«Կոալիցիայի անդամները պետք է տանեն հազարավոր օտարերկրացի ահաբեկիչ զինյալներին, որոնք կալանավորված են, եւ պատժեն կատարած չարագործությունների համար»,- հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Բայց Պետքարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Նաթան Սեյլսը խոստովանել է, որ «այս խնդրի լուծման լավագույն եղանակի վերաբերյալ գոյություն ունի կարծիքների տարաբաժանում»: «Միացյալ Նահանգների կարծիքով՝ տեղին չէ Իրաքին խնդրել իր վրա վերցնել օտարերկրյա, մասնավորապես Եվրոպայից եկած զինյալների լրացուցիչ բեռը»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սեյլսը: «Ցանկացած երկրի համար անպատասխանատու կլիներ ակնկալել, որ այս խնդիրն իր համար կլուծի Իրաքը»,- ասել է նա: Նրա մեկնաբանություններն ակներեւորեն վերաբերում էին Ֆրանսիային, որն Իրաքի հետ բանակցություններ էր սկսել օտարերկրյա զինյալներին այս երկրում դատելու հարցի շուրջ:

Եվրոպական երկրները, ինչպես Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան չեն ցանկանում, որ մարտերում կոփված ԻՊ խմբավորման կողմնակիցները վերադառնան, որը ստանձնել էր խաղաղ բնակիչների վրա մեծ թվով արյունահեղ հարձակումների պատասխանատվությունը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ իր կառավարությունը փորձում է հասնել զինյալների «որոշակի եւ երկարատեւ կալանավորման», եւ նշել է, որ բանտարկյալների ճնշող մեծամասնությունը իրաքցիներ ու սիրիացիներ են: «Մենք մեր կողմից շարունակում ենք ասել, որ նրանց պետք է դատել հանցագործությունների վայրին հնարավորինս մոտ»,- ասել է նա լրագրողներին:

«Եկեք երբեք չմոռանանք, որ ԻՊ-ին միացած այդ կանայք եւ տղամարդիկ կատարել են միանգամայն գիտակցված ընտրություն»,- ասել է նա:

Եվրոպական կառավարությունները մի շարք քաղաքացիների քաղաքացիությունն անվավեր են համարել ԻՊ-ի հետ ենթադրյալ կապերի պատճառով: Միացյալ Նահանգներում այսպիսի քայլը գործնականում անհնարին է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Պոմպեոյի հետ միասին ելույթ ունենալով, ընդունել է, որ Սիրիայի հարցում դաշինքի անդամների միջեւ տարաձայնություններ կան, որտեղ իկրավիճակը շարունակում է մնալ «փխրուն եւ բարդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ