News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված եւ ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի վարորդի, ապա մինչեւ 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Ա.Բ.-ն 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու եւ գումար ստանալու միջոցով օժանդակել է «Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաեւ՝ 2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Մասնավորապես, վերջինս, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը եւ դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ. դիմել է «նշված ուսումնական հաստատությունների ղեկավարներին, նրանց հրամաններով տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունվել որպես նշված ուսհաստատությունների բանվոր, պահակ կամ վարորդ: Այդ ընթացքում աշխատանքի չհաճախելու եւ աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, համապատասխան փաստաթղթերում կազմակերպությունների տարբեր աշխատակիցների մասնակցությամբ հակառակի վերաբերյալ կեղծ տվյալների ներառմամբ, ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում եւ աշխատավարձի, այլ վճարումների ձեւով ստացել, տնօրինել իր անվամբ հաշվարկված եւ դուրսգրված ընդհանուր 9․6մլն ՀՀ դրամ գումարը:

Քրեական գործը Ա․Բ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետ, 38-179-ի 2-մասի 1-ին եւ 3-րդ կետեր (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) եւ Գ․Գ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետեր, 314-րդ հոդվածի 1-ին մաս) մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։

Միաժամանակ, նույն քրեական գործով պաշտոնեական անփութության, պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի հափշտակության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցավոր արարքներ կատարելու կապակցությամբ որոշումներ են կայացվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի, «Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի նախկին պարետի, «Երեւանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով նախկին տեղակալի, կադրերի նախկին տեսուչի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի, կադրերի տեսուչի եւ կարիերայի ուղղորդման պատասխանատուի, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական եւ կազմակերպական դեպարտամենտի տնօրենի տեղակալի, նույն ՊՈԱԿ-ի վարորդի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցելու, անձանց մահվան, համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ դատախազությունում քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ հանցավոր դրսեւորումների հիմնական պատճառ են դարձել ուսումնական հաստատությունների վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձանց կողմից գրեթե նույնպիսի սխեմաների կիրառմամբ իրենց ծառայողական պարտականությունները ոչ միայն ոչ պատշաճ կատարելու, այլ նաեւ ի չարն օգտագործելու հանգամանքները: Հաշվի առնելով այդ փաստը՝ ՀՀ գլխավոր դատախազի կից գրությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին ներկայացվել է միջնորդագիր՝ նախարարության ենթակայությամբ գործող վերը նշված, ինչպես նաեւ այլ ուսումնական հաստատություններում պարզված հանցավոր դրսեւորումներին նպաստած թերությունները, խնդիրները վերացնելու, հետագայում նմանատիպ երեւույթները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եւ դրանց արդյունքների մասին ՀՀ դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ