News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հատուկ մեքենա վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար այս 1,5 տարվա ընթացքում ձեռք չի բերվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ արձագանքելով Politik.am կայքում տեղ գտած այն հրապարակմանը, որ պետության հաշվին շռայլ ծախս է արվել. վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար պետական պահպանության ծառայության միջոցներով գնվել է 2019 թվականի արտադրության Nissan X Trail մակնիշի 130 uu 01 պետհամարանիշի  ամենագնաց։

Կայքը գրել էր, որ մեքենան ընտրել է անձամբ Մարիամ Փաշինյանը, բացի այդ՝ մեքենան գնվել է սրահից և պետությունը դրա համար ծախսել է ավելի քան 27 հազար ԱՄՆ դոլար։ Կայքը նաև հրապարակել էր տեսանյութ և նշել. «Տեսանյութից հասկանալի է դառնում, որ մեքենան ոչ թե անվտանգության աշխատակիցների փոխադրամիջոց է և ուկեկցում է Մարիամ Փաշինյանի անձնական մեքենային, այլ «ծառայողական» մեքենայի դեր է իրականացնում պետական ոչ մի պաշտոն չունեցող անձի համար»։

Վարչապետի խոսնակն ասաց, որ Politik.am կայքի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Վլադիմիր Կարապետյանը հերքեց տեղեկությունը, որ մեքենան 2019թ. արտադրության է, սակայն չմանրամասնեց, թե որ թվականի արտադրության է՝ վկայակոչելով օրենքը։ 

«Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման նպատակով, օրենսդրությամբ սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ»,- նշեց Վլադիմիր Կարապետյանը։

Նշենք, որ խոսնակի այս արձագանքին ի պատասխան՝ Politik.am–ը գրել էր. 

«Հիշեցնենք, որ մեր հրապարակման մեջ չենք անդրադարձել Մարիամ Փաշինյանին օրենքով հասանելի անվտանգության խնդրին՝ սա այլ հրապարակման առիթ է։ Մենք խոսել ենք Մարիամ Փաշինյանին օրենքով չնախատեսված ծառայողական մեքենա տրամադրելու մասին, որի վերաբերյալ հավելյալ պարզաբանում ենք խնդրել վարչապետի մամուլի խոսնակից։  Վլադիմիր Կարապետյանից պարզաբանում ստանալու դեպքում կհրապարակենք այն»։

Մարիամ Փաշինյանն իր հերթին այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս լուրին. «Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում է նրանց ցանկությունն ու ջանքը մեզ նույնականացնել իրենց հետ: Մեքենան, որի մասին այսքան խոսվում է, օգտագործվում է անվտանգության նպատակով դեռ 2018-ից (չի կարող լինել 2019-ի արտադրության) չգիտեմ թե երբ է ձեռք բերվել, երբեք չեմ հետաքրքվել նոր է թե հին (մինչև հիմա էլ չգիտեմ), մինչև այս պահը չգիտեի մեքենայի մակնիշը, ես մեքենա չեմ ընտրել ու ինձ համար ի սկզբանե տարբերություն չի եղել, թե ինչ մեքենա կօգտագործվեր անվտանգության նկատառումներից ելնելով: Ավելին՝ այս փոփոխությունները ինձ համար բավականին դժվար են եղել: Մեքենան իմ անձնականը չէ, և ծառայում է և հետագայում ծառայելու է միմիայն պետությանը:

Որոշ մարդկանց երազանքը՝ մեզ նույնականացնել նախկինների հետ, մնալու է անիրականանալի: Սոցիալական ցանցերում կոնկրետ արշավներ են անցկացվում այդ երազանքը իրականացնելու համար, աշխատում են գրաֆիկ դիզայներների, SMM-ի և ֆոտոշոփի մասնագետների մեծ խմբեր, օգտագրոծվում են սոցիալական ցանցերի տարբեր գործիքներ (sponsored, ad և այլն) և իհարկե ծախսվում են հազարավոր դոլլարներ տարբեր լրատվական կայքերի միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու համար:

Իսկ ծառայություն մատուցող լրատվական կայքերը, որոնք ունեն հստակ առաջադրանք քարոզչություն տանելու և մեր մասին թյուր տպավորություն ստեղծելու, ստեղծագործական և աշխատանքային իմաստով ճգնաժամի մեջ են: Ինձ գաղտնի նկարում են մեքենայից իջնելիս և աշխատանքի գնալիս (որը, ես իմիջիայլոց, անում եմ արդեն 1,5 տարի), նյութի մեջ դնում սուտ տեղեկատվություն և համարում իրենց առաջադրանքը կատարված: Առաջարկում եմ այդ գումարներն ու ռեսուրսները ներդնել ավելի օգտակար գործի մեջ, քանի որ, ձեր առաջադրանքը` մեզ ներկայացնել սխալ լույսի ներքո, երբեք էլ իրականություն չի դառնալու»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ