News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

2019թ-ի հոկտեմբերի 15-ին Լիդիան ընկերությունը հրապարակեց Ամուլսարի ծրագրի իրագործելիության մասին NI 43-101 տեխնիկական զեկույցը, որը 2017թ-ին ներկայացված զեկույցի վերանայված տարբերակն է: Հանքարդյունահանման ոլորտի խորհրդատու, հանրահայտ երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստը (Buka Environmental) քիմիական եւ բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի խնդրանքով ուսումնասիրել է այդ զեկույցը եւ դեկտեմբերի 19-ին հրապարակվել է դրա տեխնիկական, բնապահպանական եւ սոցիալական կողմերի մասնագիտական գնահատման հուշագիրը։

Ներկայացնենք Մաեստի հուշագրի մի քանի կարեւոր կետեր․

1․ Հուշագրում քննվել է Լիդիանի տեխնիկական զեկույցի համապատասխանությունը Կանադայի 43-101 ազգային գործիքով (Canadian National Instrument, NI) նախատեսված կանոններին ու չափանիշներին, որոնք սահմանված են եւ վերաբերում են Կանադայի ֆոնդային բորսաներում գրանցված ընկերությունների կողմից իրենց պատկանող կամ իրենց կողմից հետախուզվող հանքերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելուն: Պահանջվում է, որ հանրային հաշվետվությունն ու տեխնիկական տվյալները լինեն հստակ, թափանցիկ, հավասարակշռված, ճշգրիտ, եւ հիմնված լինեն ողջամիտ ենթադրությունների վրա: Պահանջվում է նաեւ, որ տեխնիկական զեկույցը լինի անկողմնակալ եւ ցույց տա պոտենցիալ ռիսկերն ու անորոշությունները:

2․ Հուշագիրը բացահայտում է, որ Լիդիանի 2019-ի NI 43-101 տեխնիկական զեկույցում  թերագնահատված են Ամուլսարի ծրագրի ռիսկերը, ծախսերը եւ դրանց հետ կապված անորոշությունները։ Այն պատշաճ կերպով չի բավարարում 43-101 ազգային գործիքով պահանջվող բացահայտման, մասնագիտական պատասխանատվության եւ թափանցիկության չափանիշները: Տեխնիկական զեկույցում ներառված տեղեկությունները հակասում են Լիդիանի այն պնդմանը, թե չկան հայտնաբերված ռիսկեր: Դրանք հստակ ցույց են տալիս, որ ծրագրի մշակման վրա ազդելու են հայտնի եւ անհայտ բնապահպանական եւ սոցիալական ռիսկեր: Ռիսկերը հանգեցնելու են Լիդիանի հաշվարկները գերազանցող ծախսերի, ինչպես հանքարդյունահանման, այնպես էլ փակման փուլերում:

- Լիդիանի նոր Տեխնիկական զեկույցում նշվում է նախորդ զեկույցի համեմատ ոսկու ավելի մեծ պաշարների առկայության մասին, ընդ որում պաշարների գնահատումն իրականացվել է գոյություն ունեցող տվյալների հիման վրա, առանց հավելյալ հորատման աշխատանքներ կատարելու: Միաժամանակ, պարզ չէ, արդյոք նոր տվյալների համեմատ վերագնահատվե՞լ են բնապահպանական ազդեցությունները, թե՞ դրանք ուղղակի արտացոլում են նախորդ զեկույցում նշված տվյալները: Չնայած զեկույցից պարզ չէ, բայց երեւում է, որ բնական միջավայրի վրա լրացուցիչ ազդեցությունները չեն գնահատվել:

- Զեկույցում նկարագրվում են այն մեթոդները, որոնցով Լիդիանը պատրաստվում է նվազեցնել թթվային դրենաժը, սակայն չի բացատրվում, թե ինչպես են այդ մեթոդները բացառելու նշանակալի բացասական ազդեցությունը, կամ արդյոք այդ մեթոդները համապատասխանում են լավագույն պրակտիկաներին, ինչպես պահանջվում է Կանադայի NI 43-101 չափանիշներով: Գիտնականը մատնանշում է մի քանի էական բացթողումներ եւ թափանցիկության չպահպանման հետ կապված խնդիրներ:

- Թթվային դրենաժի հետ կապված ռիսկերն ապակողմնորոշող են եւ հիմնված չեն հստակ հիմնավորված ենթադրությունների վրա: NI 43-101 կանոնակարգերով թափանցիկության սկզբունքի խախտում է համարվում նաեւ այն, որ Լիդիանն իր կայքում հասանելի չի դարձրել ELARD-TRC ընկերությունների կատարած ուսումնասիրության ամբողջական տարբերակը, այլ միայն շատ ընդհանուր գծերով, իրեն ձեռնատու լույսի ներքո կայքում տեղեկություն է զետեղել այդ զեկույցից: Եթե ELARD-TRC-ի ուսումնասիրության եւ դրան հաջորդած՝ ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում Լիդիանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել հավելյալ մեղմացման միջոցառումներ ձեռնարկելու, ապա ո՞ւր են հաշվարկներն այն մասին, թե որքան հավելյալ գումար է արժենալու այդ միջոցառումների պլանավորումը, իրականացումը, մշտադիտարկումը եւ այլն:

- Թերագնահատվել են ջրերի մաքրման ռիսկերն ու ծախսերը: Լիդիանի տեխնիկական զեկույցը հակասական տվյալներ է պարունակում ջրերի մաքրման կարիքների եւ ծախսերի մասին: Օրինակ, ընկերությունը խոստանում է, որ չմաքրված կոնտակտային ջրերը չեն արտահոսի բնական միջավայր, սակայն կոնտակտային ջրերի սահմանումը չափազանց նեղ է եւ չի ներառում արդյունաբերական գործընթացքում աղտոտվելիք բոլոր ջրերը. դրանով թերագնահատվում են Ամուլսարի ծրագրում ջրերի մաքրման հետ կապված ռիսկերն ու անհրաժեշտ ծախսերը: Կամ, 2019թ-ին ՀՀ կառավարությանն ուղղված նամակում ընկերությունը խոստանում է ջրերի ակտիվ մաքրման համակարգ ներդնել, սակայն այս տեխնիկական զեկույցում, որը կազմվել է վերոնշյալ նամակից հետո, ակտիվ մաքրման համակարգի ներդրման հաշվարկներ ներառված չեն: Հանքի գործունեության, փակման եւ փակմանը հաջորդող փուլերում ջրերի մաքրման համար անհրաժեշտ միջոցների իրատեսական հաշվարկները կարող են Ամուլսարի հանքը «քիչ ծախսատարից» վերածել «շատ ծախսատար» հանքավայրի՝ մեծ բնապահպանական վտանգներով:

- Լիդիանը նաեւ նախատեսում է, որ վերին հրաբխային ապարաշերտերը թթվագոյացման չեն հանգեցնելու, սակայն չի անցկացրել այս ապարների բավարար երկարաժամկետ կինետիկ փորձարկումներ. փորձերի մեծ մասը դադարեցվել է ժամանակից շուտ, իսկ այն մեկը, որն ավելի երկար է անցկացվել, թթվագոյացման ներուժ է ցույց տվել: Նույնիսկ ըստ Լիդիանի սահմանափակ երկրաքիմիական փորձերի արդյունքների՝ կուտակված բոլոր դատարկ ապարները թթվային դրենաժ են արտադրելու, սակայն դրա հետեւանքներն ու հուսալի մաքրման մոտեցումների անհրաժեշտությունը մեծապես թերագնահատվել են:

3․ Մեծ կարեւորություն է տրվում նաեւ հանքի գործունեությանը համար համայնքի համաձայնությունն ունենալուն (TMX and Ontario Securities Commission, 2018, p. 114), քանի որ համայնքների անհամաձայնությունը դասակարգվում է որպես հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ բիզնես ռիսկը (Mitchell, 2018): Լիդիանի տեխնիկական զեկույցում գրված է, որ համայնքն ընդհանուր առմամբ կողմնակից է հանքարդյունաբերական ծրագրին, մինչդեռ նույն զեկույցում կարդում ենք նաեւ, որ հանքի ճանապարհներն արգելափակված են տեղացիների կողմից արդեն մեկ տարուց ավելի: Սա նորանոր ֆինանսական խնդիրներ է առաջացնելու ծրագրի համար, ֆինանսական խնդիրները թույլ չեն տալու պատշաճ կերպով լուծել բնապահպանական վտանգները, ինչը խնդիր է, մանավանդ, հաշվի առնելով, որ Լիդիանն այս ոլորտում ընդհանրապես փորձ չունեցող ընկերություն է:

Անն Մաեստի հուշագիրն ամբողջությամբ հասանելի է անգլերեն, հետեւյալ հղումով:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ դեռ 2017թ-ին, Բրոնոզյանի անձնական նախաձեռնությամբ եւ ֆինանսական միջոցներով 4 հայտնի փորձագետների կողմից իրականացվել էին Ամուլսարի ծրագրի՝ ստորգետնյա եւ մակերեւութային ջրերի վրա ազդեցությանն առնչվող Լիդիանի փաստաթղթերի համապարփակ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հրապարակվել, մասնագիտական հանրությանն ու պետական մարմիններին էին ներկայացվել 17 տեխնիկական անկողմնակալ զեկույցներ:

Դիտեք նաեւ Անն Մաեստի 2018թ-ի հունիսի 20-ի ելույթը, որտեղ նա ներկայացնում է Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի երկրաքիմիական կանխատեսումներն ու ջրի որակի վրա ակնկալվող հետեւանքները։ Մաեստն ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող երկրաքիմիկոս դոկտոր է եւ ուսումնասիրել է աշխարհի մոտ 150 մետաղական տարբեր հանքավայրերի փաստաթղթերը՝ գնահատելով դրանց ազդեցությունները մակերեւույթային եւ ստորերկրյա ջրերի վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ