News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի արքայազն Հարին երկուշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայից մեկնել է Կանադա, որտեղ այժմ գտնվում են նրա կինը՝ Մեգան Մարքլը, եւ որդին՝ ութամսյա Արչին, այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց, որ հրաժարվում է իրենց արքայական պարտավորությունների մեծ մասի կատարումից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Sun-ին։

Պարբերականը նշում է, որ արքայազն Հարին երեկոյան նստել է Կանադա մեկնող ինքնաթիռն այն բանից հետո, երբ Լոնդոնում մասնակցել է Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթաժողովին, որտեղ հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Հունվարի 8-ին արքայազն Հարին, որը վեցերորդ տեղն է զբաղեցնում գահաժառանգության հերթում, եւ նրա կինը իրենց Instagram-ում հայտարարել էին թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու եւ իրենց ֆինանսական անկախությունն ապահովելու, ինչպես նաեւ երկու երկրներում՝ Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում ապրելու մտադրության մասին։

Հարիի կինը Մեծ Բրիտանիայից մեկնել էր հայտարարությունից գրեթե անմիջապես հետո։ Զույգի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մեգան Մարքլը վերադարձել է Կանադա, որտեղ ընտանիքի հետ անցկացրել է Սուրբծննդյան արձակուրդները, եւ հիմա այնտեղ է որդու հետ։

Հունվարի 18-ին Բուկինգհեմյան պալատը հայտարարեց, որ զույգը այսուհետ չի կարող պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պաշտոնական ուղեւորություններում, կատարել այլ արարողակարգային պարտավորություններ եւ օգտագործել Նորին Գերազանցություն տիտղոսը։ Հայտարարվեց նաեւ այն մասին, որ արքայազնի ընտանիքը այլեւս բյուջետային միջոցներ չի ստանա, որոնց հաշվին ծածկվում էին Սասեքսի հերցոգի եւ հերցոգուհու ծախսերը՝ պայմանավորված միապետական ընտանիքի անդամների պաշտոնական դերով։

Առաջիկայում արքայազնը պետք է հրաժարվի արտոնություններից եւ պատվավոր զինվորական կոչումներից, ներառյալ Թագավորական ծովային հետեւակի կապիտան-գեներալի կոչումը, որը 2017 թվականին նրան փոխանցել էր պապը՝ Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ