News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել միանալ միջուկային զենքի հարցով Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններին, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անցյալ տարի ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջուկային զենքի սահմանափակման նոր համաձայնագիրը, հույս հայտնելով, որ բանակցություններին կմիանա Չինաստանը։ Սակայն Պեկինն առայժմ հրաժարվում է մասնակցությունից։

«Մենք գտնում ենք, որ հաշվի առնելով այն փաստը, որ, մեր գնահատականներով, Չինաստանի միջուկային զենքի քանակը հաջորդ 10 տարվա ընթացքում կկրկնապատկվի, հիմա այդ եռակողմ քննարկումների ճիշտ ժամանակն է»,- զինաթափման հարցերով Ժնեւում կայացած ՄԱԿ համաժողովում հայտարարել է զինաթափման հարցերով ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդը։ 

Նրա խոսքերով, Վաշինգտոնը հնարավոր եռակողմ բանակցությունները քննարկել է Ռոսաստանի հետ անցած շաբաթ կայացած անվտանգության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ եւ հասել է «ըմբռնման»։ «Մենք չենք կարող մեզ թույլ տալ սպասել»,- ավելացրել է նա։

Այն հարցին, թե ինչպես կարելի է հասնել բանկցություններին մասնակցելու Չինաստանի համաձայնությանը, Վուդը պատասխանել է, թե հույս ունի, որ Ռուսաստանն ու մյուսները կօգնեն․ «Հուսանք, որ ժամանակի ընթացքում եւ ԱՄՆ-ից բացի ուրիշների ազդեցության շնորհիվ նրանք (Չինաստանը) կհայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք գտնում ենք, որ դա անհրաժեշտ է համընդհանուր անվտանգության համար»։

ՄԱԿ-ը ձգտում է միջուկային զենքի իսպառ ոչնչացմանը, բայց բանակցությունները 20 տարուց ավել է փակուղում են։

Չտարածման պայմանագիրը 1970-ին ստորագրած հայտարարված միջուկային պետությունների՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ բանակցությունները շարունակվում են, եւ հաջորդ ամիս նախատեսվում է հերթական հանդիպումը Լոնդանում։

Սակայն Վուդը հայտարարել է, որ դա միջուկային զենքի հարցով Չինաստանի հետ բանակցելու հարմար հիմք չէ։

Զինաթափման հարցերով Չինաստանի դեսպան Լի Սոնգն իր ելույթում միջուկային տերությունների միջեւ համագործակցության կոչ է արել։ Նա կոչ է արել որդեգրել բազմակողմանիությունը «առանց որեւէ բացառությունների, դա վերաբերում է առաջին հերթին մեծ տերությանը, որը հատուկ պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, եւ որը չպետք է փչացնի մեր կոլեկտիվ ջանքերը եւ դուրս գա պայմանագրերից»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ