News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբխազիայում չորեքշաբթի սկսվում է նախաձեռնող խմբերի եւ կուսակցությունների գրանցումը, ինչպես նաեւ մարտի 22-ին նշանակված պետության ղեկավարի կրկնակի ընտրություններում նախագահի թեկնածուների առաջադրումը, որը կտեւի մինչեւ փետրվարի 11-ը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի Կենտրոնական ընտարական հանձնաժողովի ղեկավար Թամազ Գոգիան:

Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահի կրկնակի ընտրություններ է նշանակել վարչական իրավախախտումների Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիայի հունվարի 10-ի որոշման հիման վրա, որը 2019 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած երկրի ղեկավարի ընտրությունների արդյունքները չի ճանաչել: Ընդդիմության չորսօրյա բողոքի ցույցերից հետո երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմում էր գրել պետության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, խորհրդարանը հաջորդ օրը ընդունել էր հրաժարականը եւ նախագահի պաշտոնակատար նշանակել երկրի վարչապետ Վալերիա Բգանբուին:

«Աբխազիայում հունվարի 22-ից փետրվարի 11-ը տեղի է ունենալու նախաձեռնող խմբերի, կուսակցությունների գրանցումը, ինչպես նաեւ նախագահի թեկնածուների առաջադրումը՝ կապված մարտի 22-ին նշանակված հանրապետության նախագահի կրկնակի ընտրությունների հետ»,- ասել է Գոգիան:

Տեղական օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է ընտրություններից 60 օր առաջ եւ ավարտվում 40 օր առաջ: Նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք ունեն քաղաքական կուսակցությունները եւ ընտրողների խմբերը: Կուսակցությունը թեկնածուին առաջադրում է համագումարում կամ համաժողովում, իսկ ընտրողների կողմից թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է ստեղծել 10 մարդուց ոչ պակաս թվով նախաձեռնող խումբ, որը գրանցվում է ԿԸՀ-ում: Ընտրողների խմբի կողմից նախագահի թեկնածու առաջադրելու համար պահանջվում է, որ նրա օգտին հավաքվի ընտրողների ոչ պակաս 2 հազար, բայց 2500-ից ոչ ավելի ստորագրություն՝ անկախ Աբխազիայի տարածքում բնակության վայրից:

Աբխազիայի նախագահի թեկնածուները գրանցվելուց առաջ պետք է ԿԸՀ-ին առընթեր լեզվաբանական հանձնաժողովին ցուցադրեն, թե որքան ազատ են տիրապետում երկրի պետական լեզվին՝ աբխազերենին: Թեկնածուն պետք է աբխազերենով ներկայացնի իր կենսագրությունը, վերապատմի քաղաքական թեմայով տեքստը, գրի մեկ էջ ծավալով շարադրություն:

Աբխազիայի նախագահ կարող է ընտրվել հանրապետության աբխազ ազգության քաղաքացին, որն ազատ տիրապետում է պետական լեզվին, 35 տարեկանից երիտասարդ չէ եւ 65 տարեկանից մեծ չէ, ունի ընտրական իրավունք, ընտրություններից առաջ վերջին 5 տարում մշտապես բնակվել է երկրի տարածքում: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Միեւնույն անձը կարող է Աբխազիայի նախագահ դառնալ անընդմեջ 2 ժամկետից ոչ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ