News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը հունվարի 22-ին ընդունեցին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը կարևորեց Խորհրդի և գործընկեր միջազգային կառույցների հետ արդյունավետ, բաց և անմիջական համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ընդունելության համար, հետաքրքրվեց դատաիրավական բարեփոխումների գործընթացի ներկա վիճակով: Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ Խորհուրդը շահագրգռված է բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար և այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև էլ-արդարադատության տեխնիկական ապահովմանը, համակարգի արագ ներդրման անհրաժեշտությանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ