News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Ուրախ եմ, որ Ալեքսանդր Քանանյանի ու կառավարության միջև բանակցությունները վերջապես հասան իրենց ավարտին, ինչի արդյունքում մասնագիտական հանձնաժողովը այսօր գումարեց իր անդրանիկ նիստը, իսկ Ալեքսն էլ քիչ առաջ հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին: Ենթադրում եմ, որ Մհեր Պողոսյանը նույնպես կդադարեցնի հացադուլը», գրել է Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշել է նաեւ, որ շարունակելու է իր լիազորությունների և մարդկային ու քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում աջակցել բնապահպանական և հարակից հիմնախնդիրների ուսումնասիրությանը և բարձրաձայնված մտահոգությունների փարատմանը.

«Ակնհայտ է, որ այս խնդրի այդչափ հասունացումը պայմանավորված էր նաև կառավարության ու հանրության միջև երկկողմանի հաղորդակցության բացերով: Բոլորս պետք է գիտակցենք, որ ցանկացած տիպի հակամարտության հիմնական պատճառը սովորաբար լինում է ոչ պատշաճ հաղորդակցությունը, հետևաբար՝ դրանց լուծումն էլ ենթադրում է պատշաճ հաղորդակցության ապահովում: Ուստի, առաջին հերթին պետական մարմինները պետք է որդեգրեն ավելի ներառական մոտեցումներ հանրության հետ հաղորդակցության մեջ, իսկ հանրությունն էլ ցանկալի է սրտացավ նախաձեռնողականություն ստանձնի հիմնախնդիրների կանխարգելման, վերհանման ու պատշաճ լուծման հարցում: Այլապես անընդհատ ապրելու և աշխատելու ենք ռեակտիվ սկզբունքով՝ պրոակտիվի փոխարեն» գրե է Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Քանանյանը  հունվարի 21-ից հացադուլ էր իրականացնում իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցնելու պահանջով: Հունվարի 27-ից էլ Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանն էր հայտարարել հացադուլի մասին Ալեքսանդր Քանանյանին սատարելու նպատակով:

ՀԷԿ-երի շինարարությունը դադարեցված է: Արցախի  կառավարությունը վստահեցրել է, որ աշխատանքները չեն վերսկսվի՝ մինչև մասնագիտական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն ստանալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ