News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի մերժել է «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն Հակոբջանյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հակոբջանյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։

«Դավիթ Հակոբջանյանի ձերբակալումը եղել է փետրվարի 6-ին, ժամը 06։00-ի սահմաններում, դրանից հետո ես ձերբակալության իրավաչափության դեմ բողոք եմ ներկայացրել դատարան, քննիչը շտապելով, ամեն ինչը կիսատ-պռատ բերում է կալանավորման միջնորդություն։ Քննության արդյունքում դատարանը իմ բողոքը ձերբակալման իրավաչափության մասին մերժում է, բայց մերժում է նաև քննիչի՝ կալանավորման միջնորդությունը։ Սակայն Հակոբջանյանին բաց չթողեցին, ինչպես ակնկալում էինք, քանի որ ամեն ինչ տանում են նրա կալանավորմանը ցանկացած ապօրինի եղանակով, պատճառաբանությունն էլ այն է, որ դատարանը չի գրել՝ անհապաղ ենթակա է ազատման, օրենքն էլ համապատասխան կարգավորումը չունի, վիճելի հարց է, հետևաբար չեն կարող թողել, բայց այստեղ խախտվում է մարդու ազատության իրավունքը։ Եթե օրենքը չի կարգավորում, խնդիր է, բայց մարդը չի կարղ մնալ անազատության մեջ։ Դրանից հետո այսօր առավոտյան տեղեկանում եմ, որ քննիչը կալանավորման նոր միջնորդություն է ներկայացրել, որն իրականում աբսուրդ է, չի կարող նման բան լինել։ Հետաքրքիր է նաև, որ այդ միջնորդության քննումը մակագրվում է այնպիսի դատավորի, որը հերթապահ չէ։ Երեկ հերթապահ էր Ավանի նստավայրի դատարանը, այսօր հերթապահ էր Շենգավիթի նստավայրը, բայց գործը մակագրվում է Մնացական Մարտիրոսյանին՝ Կենտրոնի նստավայրի դատավորին, որը հայտնի է, որ իր որոշումներով պահում է Դատախազությանը, քննչական մարմիններին, այսինքն անում են ամեն ապօրինի գործողություն Դավիթ Հակոբջանյանին կալանավորելու համար»,-նշեց նա։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «պետական եկամուտների կոմիտեի հյուսիսային մաքսատուն-վարչության իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը և մաքսային երկու տեսուչ, 2020 թ. հունվարի 25-ին ընդունելով բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության համասեփականատիրոջ առաջարկը, համաձայնության են եկել առանձնապես խոշոր չափի՝ 1 միլիոն 436 հազար 610 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց, առանց պատշաճ մաքսային հսկողության և ձևակերպման մաքսային տարածքից բաց թողնել հիշյալ կազմակերպության կողմից Վրաստանից տեղափոխվող շուրջ 4.5 տոննա ընդհանուր քաշով բեռը, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո նրանք բռնվել և բերման են ենթարկվել վերջիններիս կողմից։

Մինչև ԱԱԾ-ի հայտարարությունը դեպքին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս Փետրվարի 6-ի կայացավարության նիստի ընթացքում հայտարարել է, որ «մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ապրանք ներկրելուն առանց մաքսային որևէ ձևակերպման։ Այսինքն` մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով»։ Փաշինյանը նշել է, որ զարմանում է նման մարդկանց տրամաբանության վրա, քանի որ տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում և լուրերին չեն հետևում և հավելել է, որ կոռուպցիան արմատախիլ են անելու, և բոլոր նրանք, ովքեր կկասկածեն այդ հարցում, ճաշակելու են այդ կասկածների ամենադառը պտուղները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ