News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 28
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը մեր երկիր՝ ՀՀ վարչապետը կարեւորել է այսօր Հայաստանում Սլովակիայի դեսպանության բացումը, որը նոր լիցք եւ որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ համագործակցության զարգացմամբ՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում։ Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերն է, եւ Հայաստանը կարեւորում է եւ՛ ԵՄ կառույցների, եւ՛ ԵՄ անդամ-երկրների օժանդակությունն այդ գործընթացում:

Վարչապետը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշման համար: Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է հղել Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին:

Միրոսլավ Լայչակը նշել է, որ Սլովակիայի համար Հայաստանը կարեւոր գործընկեր է, եւ ՀՀ-ում Սլովակիայի դեսպանության բացումը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմ հարաբերությունների ակտիվացման համար: Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարը ողջունել է Հայաստանի հավակնոտ ժողովրդավարական բարեփոխումները եւ նշել, որ Սլովակիան պատրաստ է կիսվել ռեֆորմների գործընթացում իր կուտակած փորձով: Նա ընդգծել է, որ որպես ԵՄ անդամ-երկիր՝ Սլովակիան պատրաստ է աջակցել Հայաստանին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման  գործընթացում: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման համատեքստում Մ. Լայչակը հեռանկարային է համարել ներդրումների խթանման, զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերը ու նաեւ բարձր գնահատել միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջեւ փոխգործակցությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարը նշել է, որ Սլովակիան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Վարչապետն օգտակար է համարել բարեփոխումների գործընթացում Սլովակիայի փորձի ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանը կարեւորում է գործընկերների հետ փորձի փոխանակումը:

Նիկոլ Փաշինյանը եւ Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում վերջին զարգացումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել