News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այս որոշման հետեւանքով առաջինը տուժելու են պացիենտները, երկրորդը տուժելու են այն մարդիկ, որոնք վաղը կարող են դառնալ պացիենտ, եւ երրորդը՝ տուժելու է կոլեկտիվը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչները՝ անդրադառնալով Առողջապահության նախարարի այն որոշմանը, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։

Նշենք, որ այսօր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից:

Կենտրոնի աշխատակազմը որոշման հետ համաձայն չէ, ինչի համար լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել։ Կենտրոնի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բաց հարցեր են մնում, օրինակ, ինչ է լինելու շենքը. «Այսօր ասացին, որ ոչինչ չի փոխվելու, բայց դրանք բանավոր խոսքեր են, կառավարության որոշման մեջ լրիվ այլ բան է գրված: Ընդհանրապես, փոխվում է կառավարման մոդելը: Եթե մենք ունենք այս կենտրոնը եւ նման արդյունքներ, դա առաջացել է տասնյակ տարիների աշխատանքի ընթացքում: Հիմա հասել ենք ժամացույցի պես սահուն աշխատանքի: Եթե համակարգը փոխվեց այդ ամենը կարող է փլուզվել: Եթե այս համակարգում մի օղակ հանենք, կամ փոխենք այլ օղակով, շղթան ձեւափոխվում է:

Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ շղթա են ուզում փոփոխել, ինչ օղակով են ուզում փոխել։ Մենք ասում ենք՝ լավ համակարգ ունենք, որը լավ է աշխատում, եթե դուք փոփոխություն եք անում, այնպես պետք է անեք, որ սրանից լավ աշխատի: Մեզ ասեք, թե այդ ինչ եք անելու, որ ավելի լավ աշխատի: Եթե ասում են՝ ոչ շենքն է փոխվելու, ոչ որեւէ աշխատակից է ազատվելու, իմաստը ո՞րն է այս ամենի»,-ասաց նա:

Աշխատակիցները նշեցին, որ այս պահին կենտրոնում բուժում է ստանում 2200-ից ավելի պացիենտ, տարեկան 400-450 մարդ ստանում է իր ախտորոշումը. «Մեր առանձնահատկությունն այն է, որ մեր պացիենտների թիվը չի նվազում, իսկ օրինակ, «Նորքի» պացիենտների թիվը կարող է նվազել, որովհետեւ այնտեղ այլ մոդել է գործում: Չի գնահատվել գործող մոդելը, նրա բացերը, չի գնահատվել առաջարկվող մոդելը, նրա առավելությունները: Գուցե կան ռիսկեր, որոնք չեն գնահատվել: Այդ դեպքում արդյոք Հայաստանը պատրաստ է մտնել այդ ռիսկերի տակ»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Բուժօգնության բաժնի վարիչ Արշակ Ասմարյանը նշեց, որ երբեք տնօրենի դեմ անձնավորված պայքար չեն վարել։ «Մեր բոլոր կարծիքները, բացառապես, վերաբերել են մասնագիտական ոլորտին, համակարգային խնդրին։ Կարելի է ասել՝ կենտրոնի տնօրենն է այս համակարգի հիմնադիրը։ Նախարարության կողմից այն հայտարարությունը, որ տնօրենը աշխատանքից հեռացվել  է իր պարտականություններն անպատշաճ կատարելու համար, մեզ մոտ ծիծաղ է առաջացնում»,- ասաց նա։

Հարցին՝ քանի որ նշում են, թե տնօրենին աշխատանքից հեռացրել են օրենքի խախտմամբ, արդյո՞ք դատարան դիմելու խնդիր կլինի, Ասմարյանը պատասխանեց՝ տեղյակ չէ։

Աշխատակիցներից մեկը նշեց, որ ստեղծված իրավիճակից իրենց աշխատանքը չի տուժելու եւ լիարժեք կատարելու են իրենց պարտականությունները․ «Բայց մյուս կողմից՝ մենք մեր դիրքորոշումները հստակ ձեւակերպել ենք։ Մենք պնդելու ենք, որ պետք է մասնագիտական քննարկումներ իրականացվեն, որից հետո որոշումները պետք է  դառնան վերջնական»,- ասաց նա՝ նկատի ունենալով եւ՛ տնօրենի աշխատանքից հեռացման, եւ՛ կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին» միավորելու հարցերը։

Տպել
Ամենաշատ