Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Նալբանդյան գյուղի 27-ամյա բնակչի վարած մեքենայում ապօրինի զենք կա։
Մեքենան քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց Էջմիածին քաղաքի Կամոյի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը եւ Էջմիածնի բնակիչ, 25-ամյա ուղեւորը կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվելու ընթացքում ուղեւորն ատրճանակը դուրս նետեց։
Այն դեպքի վայրի զննությամբ վերցվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։
25-ամյա երիտասարդի հայտնածով՝ ատրճանակն իրենն է։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։