News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմի ընթացքում միջուկային փորձարկումների արդյունքում ստացված տվյալներն օգնել են գիտնականներին ճշգրիտ որոշել մոլորակի խոշորագույն ձկների տարիքը, հայտնում է BBC-ն:

Կետանման շնաձկները հսկայական, չշտապող եւ մեղմ արարածներ են, որոնք հիմնականում ապրում են արեւադարձային ջրերում: Այս շնաձկները շատ երկար են ապրում, սակայն մինչ այժմ գիտնականներին չէր հաջողվել որոշել ոչնչացման վտանգի տակ գտնվող այս ձկնատեսակի ճշգրիտ տարիքը: Սակայն օգտագործելով ռադիոակտիվության ուսումնասիրության աշխարհում կուտակված փորձը, նրանք արդյունավետ մեթոդներ են գտել, որոնք կարող են օգնել փրկել ձկան այս տեսակը:
Կետանման շնաձկներն աշխարհի ամենախոշոր ձկներն են շնաձկների գոյություն ունեցող  տեսակներից: Դրանք հասնում են 18 մետր երկարության եւ կշռում են մինչեւ 20 տոննա: Կետանման շնաձկներին բնորոշ սպիտակ պուտավոր գույնը հեշտ ճանաչելի է դարձնում դրանց: Այս ձկնատեսակը հիմնականում սնվում է պլանկտոնով: Սննդի որոնման համար դրանք կարող են զգալի հեռավորություններ անցնել: Կետանման շնաձկների կյանքից շատ բան է առեղծված մնում, օրինակ` նրանց ճշգրիտ տարիքը:

Հետազոտողները պնդում են, որ այս հարցի պատասխանը հսկայական նշանակություն ունի երկարաժամկետ հեռանկարում կետանման շնաձկների տեսակի պահպանման համար: Իսկ այժմ հետազոտողները պնդում են, որ ավելի ճշգրիտ մեթոդ են գտել դրանց տարիքը որոշելու համար: 1940-ականների վերջերից սկսած մի շարք պետություններ` այդ թվում նաեւ ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը, տարբեր տեղերում միջուկային զենքի փորձարկումներ էին անցկացնում: Նման փորձարկումների կողմնակի ազդեցություններից էր մթնոլորտում ածխածնի իզոտոպներից մեկի` C14-ի քանակի ավելացումը: Ժամանակի ընթացքում մոլորակի ցանկացած կենդանի արարած կլանում է այս ավելցուկային ռադիոածխածինը, որը շարունակում է պարունակվել մթնոլորտում: Քանի որ գիտնականներին հայտնի է այս իզոտոպի քայքայման արագությունը, այն կարեւոր նշան է հանդիսանում տարիքի որոշման համար: Որքան օրգանիզմը տարիքով ավելի մեծ է, այնքան C14-ը դրանում ավելի քիչ է:

«Այսպիսով, այն ժամանակ ապրած ցանկացած օրգանիզմների ոսկրային հյուսվածքներում մեծ քանակությամբ C14 է պարունակվում,- ասում է Ավստրալիայի ծովային հետազոտությունների ինստիտուտի դոկտոր Մարկ Միկան:- Սա նշանակում է, որ մենք ժամանակավոր մարկեր ունենք կենդանու ողնաշարի ներսում: Եվ դա մեզ թույլ է տալիս հաշվարկել այս իզոտոպների քայքայման արագությունը»:

Գիտնականներին հաջողվել է վաղուց մահացած շնաձկների երկու օրինակ գտնել, որոնք պահվում են Պակիստանում եւ Թայվանում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս արարածներն իսկապես ունակ են աներեւակայելի երկար ապրել: «Նրանց կյանքի տեւողությունը շատ, շատ երկար կարող է լինել` մոտ 100-150 տարի,- ասում է դոկտոր Մեկանը: - Այս հայտնագործությունը մեծ նշանակություն ունի. դա խոսում է այն մասին, որ չափազանց մեծ ծավալների ձկնորսությունը հսկայական վնաս է հասցնում կետանման շնաձկների տեսակի գոյությանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ