News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Պոլինա Եֆիմովան հոդված է գրել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Հոդվածում ներկայացված են նաեւ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետնորդների պատմած պատմությունները:

Ներկայացնում ենք մի հատված հոդվածից.

«Նախապապիս այրել են բակում

Նախապապիս ընտանիքն ապրում էր Մուշ քաղաքում (այժմ այն գտնվում է Թուրքիայի տարածքում): Նախապապիս տասնմեկ երեխաներից փրկվել է միայն մեկը` իմ պապը` Սամսոն Հովհաննիսյանը,- պատմել է նրա թոռնուհի Լուսինե Աղաջանյանը, որն այժմ ապրում է Դոնի Ռոստովում:- Երբ հալածանքները սկսվեցին, առաջին հերթին ձերբակալում էին մտավորականներին եւ հարուստ մարդկանց, որպեսզի նրանք չկարողանային ազդեցություն ունենալ մյուսների վրա: Նախապապս թաքնվել էր եւ միայն գիշերներն էր երբեմն տուն գալիս: Մի գիշեր ինչ-որ մեկը տեսել էր նրան եւ մատնել: Թուրքերը ներխուժել էին տուն, բռնել էին նրան, կապել, փողոց քարշ տվել, որտեղ արդեն պառկած էր եւս մի քանի հոգի: Նրանց բոլորին ծղոտով էին ծածկել եւ այրել էին: Երբ փողոցում հաշվեհարդար էին տեսնում, թուրք հարեւաններից մեկն իր երեխաների հետ միասին նախատատիս դուրս էր բերել գաղտնի ելքով: Այս հարեւանը սիրահարված էր նախատատիս, սակայն նրա ծնողները թույլ չէին տվել նրանց ամուսնանալ տարբեր հավատքների պատճառով: Նրա հոգեւոր կապվածությունը նախատատիս նկատմամբ մնացել էր, եւ երբ մեր ընտանիքը վտանգի մեջ հայտնվեց, փրկեց նրանց: Երեխաները եւ նախատատս կարողացել էին հասնել մինչեւ գետը: Գետի ջուրը կարմիր էր արյունից. այնտեղ էին նետում գլխատված դիակները: Գետի վրա կամուրջ չկար: Նախատատս երեխաներին ասել էր. «Լողալով անցեք»: Այս գետում խորտակվեցին նրա մի քանի երեխաները, բայց մնացածին հաջողվեց դուրս գալ ջրից: Նրանք անցան անապատով` հասնելով այսօրվա Հայաստանի տարածք: Ճանապարհին երեխաները մեկը մյուսի հետեւից մեռնում էին սովից եւ հիվանդություններից: Աղջիկը կորավ (մտածում են, որ խորտակվել է), իսկ տղան` Սամսոնը` իմ պապը, ողջ մնաց: Սակայն նախատատս կորցրեց Սամսոնին. նա կոմայի մեջ էր ընկել եւ հետո երկար ժամանակ հիվանդ էր: Առողջանալուց հետո նա մոտ երկու տարի փնտրում էր տղային, հաճախ եկեղեցի էր գնում, որտեղ սովորաբար հավաքվում էին իրար կորցրած հարազատները: Սակայն տղան այնտեղ չէր լինում: Մի անգամ, արդեն հույսը կորցրած, նա որդուն տեսել էր շուկայով քայլելիս: Տղան կանգնած էր քուրդ տղամարդու կողքին, ով այդ ամբողջ ընթացքում խնամել էր նրան: Այդպես մայրը գտավ որդուն: Սամսոնը, ըստ հարազատների հուշերի, շատ փակ եւ լուռ էր: Նա հաճախ էր հիվանդանում, իսկ ավելի ուշ կտրականապես հրաժարվում էր պատմել իր երեխաներին ողբերգության մասին եւ միայն իր մահից առաջ պատմեց ավագ դստերը կատարվածի մասին: Ըստ նրա հարազատների հուշերի` խորհրդային տարիներին նա վտարանդի էր, ինչպես եւ Թուրքիայից եկած շատ այլ հայ փախստականներ: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, անցյալի պատճառով նրան ռազմաճակատ չտարան: Սովետական իշխանության համար այս փախստականները միշտ կասկածելի էին, նրանց շատ զգույշ էին վերաբերվում: Շատերին ձերբակալում էին միայն այն պատճառով, որ նրանք փորձում էին արտահայտել իրենց տեսակետը: Տարբեր պատրվակներով բազմաթիվ ընտանիքներ ճնշումների էին ենթարկվում եւ աքսորվում Սիբիր: Ամենատարածված հոդվածը «հակասովետական քարոզչությունն» էր: Չէ որ զրույցներում մարդիկ հաճախ էին քննարկում իրենց պլանները, օրինակ` սեփական գործը սկսելը: Բայց այս ամենն արգելված էր, ինչը վրդովմունք էր առաջացնում մահից փրկված փախստականների շրջանում, որոնք ստիպված էին կրկին կառուցել իրենց կյանքը: Շատ ընտանիքներ գնում էին Ռուսաստան եւ հիմնվում այնտեղ: Մուշի թեմի համաձայն` այդ շրջանից մոտ 1500 մարդ է փրկվել: Բոլոր 234 հայկական գյուղերն ավերվել են, բնակիչների մեծ մասը` սպանվել:

Հայ ժողովրդի ողբերգությունը նկարագրվել է ծագումով իտալացի գրող Անտոնիա Արսլանի «Արտույտի ագարակը» գրքում, որի պապը ցեղասպանության ժամանակ փախել էր Թուրքիայից: Այս գրքի հիման վրա նկարահանվել է նաեւ «Արտույտի ագարակը» ֆիլմը: Արսլանի մեկ այլ ստեղծագործությունը` «Մուշից գրքի պատմությունը», որի մասին Օլգա Սեդակովան գրել է իր «Հրեշտակներ եւ առյուծները» էսեյում. «Եվ Մուշի հովտի մյուս երեխաներին կհասնի մահվան ճակատագիրը. նրանց վրա նավթ կլցնեն եւ կայրեն մայրերի հետ միասին կամ ողջ-ողջ կթաղեն` բերանների մեջ հող լցված, բայց գոնե այս փոքրիկին ես ուզում են թաղման երգ երգել, ինչպես կարող եմ: Եվ իմ սրտում, բայց այլ խոսքերով, բարձրանում է այն «անմեղության եւ պատանեկության եղերերգի» նուրբ եւ հզոր արձագանքը, որը ես տարիներ առաջ անգիր էի սովորել. «Թաղվել է առաջին մեռածների հետ, խորը ննջում է Հայաստանի որդին` երկար շորով փաթաթված: Հատիկ առանց տարիքի, նրա մոր մութ երակները, նա սուզվեց եռացող Արածանիի մոռացկոտ ջրի մեջ: Առաջին մահից հետո այլ մահեր էլ չեն լինի»:

Փրկված Արդոն Կարս քաղաքից

«Պապիս եւ նրա հրաշքով փրկվելու մասին պատմությունները ես շատ եմ լսել` եւ՛ տատիցս, եւ՛ պապիս քրոջից, եւ՛ մորաքույր Գոհարից, եւ՛ մորիցս, եւ՛ քեռիներիցս: Պապիս բոլոր հարազատները` հայրը, մայրը եւ երեք եղբայրները, մահացել են: Ես չեմ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել այդ մասին»,- ասում է Գյումրի քաղաքի բնակչուհի Օֆելյա Կուրազյանը:

Օֆելյայի պապի ընտանիքն ապրում էր Կարս քաղաքում` պապական տանը, որը կառուցվել էր չուգունե կամրջի մոտ: Նախապապը` Հովսեփ Ֆարմանյանը, հայտնի ճարտարապետ էր, նա ավարտել էր Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Քաղաքում ջարդերի եւ սպանությունների նախօրեին շատ անհանգիստ էր: Այստեղ փախստականներ էին գալիս Արեւմտյան Հայաստանից եւ սարսափելի լուրեր էին բերում: Այս տարիներին Կարսը Ռուսաստանի կայսրության մաս էր կազմում, սակայն Առաջին աշխարհամարտն էր, եւ թուրքերն արդեն մոտենում էին Կարսին: Շատ ծնողներ փորձում էին փրկել իրենց երեխաներին: Նախ նախապապս իր ավագ դուստր Գոհարին ուղարկեց իր եղբոր` Լեւոնի մոտ, բայց նրա չորս որդիներն ու նրանց մայրը մնացին Կարսում: Մի գիշեր մայրն արթնացրեց Արդոյին (այդպես էր Օֆելյա Կուրազյանի պապի անունը) եւ նրա եղբայրներին: Նա շատ վախեցած էր: Բակ դուրս վազելով` նրանք հասկացան, որ փրկվել չեն կարող. թուրքերն արդեն ջարդում էին դուռը: Այդ ժամանակ մայրը հուսալքված բռնեց փոքրիկ Արդոյին եւ շշնջաց. «Լռի՛ր, լռի՛ր, դիմացի՛ր»: Ապա նետեց նրան ցանկապատից այն կողմ` թուրք հարեւանների մոտ: Փոքրիկ Արդոն հավերժ կհիշի ջահերը, բղավող զինվորներին, հոր, մոր, եղբայրների ճիչերը, որոնք ընդհատվում էին մեկը մյուսի հետեւից: Նրա ամբողջ ընտանիքը մահացավ: Թուրք հարեւանները փրկեցին Արդոյին: Նրանք տղային աղջկա նման էին հագցնում եւ ձեւացնում էին, իբր իրենց դուստրն է: Երբ օսմանյան զորքերը լքեցին քաղաքը, նրան փրկած հարեւանուհին տղային բերեց Ալեքսանդրապոլ (հետագայում՝ Լենինական, այժմ ՝ Գյումրի) եւ հանձնեց մանկատուն: Ավելի ուշ նրան պատահաբար գտավ ավագ քույրը` Գոհարը, ով հասցրել էր գնալ Կարսից կոտորածից մի քանի օր առաջ: Արդոն մեծացավ, ամուսնացավ, մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին, վերադարձավ ցնցումով` համարյա խուլ: Նա ութ երեխա ունեցավ՝ երկու որդի եւ վեց դուստր:

«Պապս Լենինականի լավագույն խոհարարներից մեկը դարձավ, մասնակցել եւ հաղթել է խոհարարների համամիութենական մրցույթներում: Նրա բաղադրատոմսերը փոխանցվում են սերնդեսերունդ: Ես ինքս շատ եմ պատրաստում պապիս բաղադրատոմսերով: Ապրիլի 24-ին մենք ամբողջ ընտանիքով գնում ենք, այսպես կոչված, Եղեռնի կիրճ, որտեղ նաեւ Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կա` մեր հարազատների հիշատակը հարգելու համար: Բոլոր հայերը մանկուց գիտեն այս հսկայական ողբերգության մասին: Բայց նոր սերունդը, իմ երեխաները, օրինակ, կարծում են, որ ժամանակն է ներել: Ոչ մի դեպքում չմոռանալ, բայց` ներել: Ավելի քան հարյուր տարի է անցել, եւ ժամանակն է շրջել պատմության այս էջը, իհարկե` վերլուծելով եի եզրակացություններ անելով»,- ասումէ Օֆելյա Կուրազյանը:

Մահ Կարսի կամրջի վրա

Կարսում եղեռնից փրկվել է Զարուհի Հովակիմյանը` Ալեքսանդր Գասպարյանի նախատատը, որն այսօր ապրում է Թբիլիսիում:

«Նախատատս չորս երեխա ուներ, բայց երբ Կարսում սկսվեց կոտորածը, նրանք բոլորը սկսեցին փրկվել, եւ երբ վազեցին կամրջի վրա, նրա ոտքը վիրավորվեց: Նա շատ արյուն կորցրեց, գտնվում էր անգիտակից վիճակում: Վերեւից նրա վրա թուրքերի գնդակահարած մարդկանց դիերն էին ընկնում: Մարդկանց այդ շերտը փրկեց նախատատիս մահից,- պատմում է Ալեքսանդր Գասպարյանը: - Կարսի չուգունե կամուրջը գերեզման դարձավ շատ հայերի համար: Երբ նա ուշքի եկավ, արդեն խորը գիշեր էր: Դուրս եկավ դիակների տակից եւ սողալով հեռացավ կամրջի վրայից: Ոչ ոք նրան չնկատեց: Հավանաբար նրան ինչ-որ մեկն օգնել է, բայց տարիների ընթացքում եւ վերապրած սթրեսի պատճառով նա շատ մանրամասներ չէր կարողանում հիշել: Նախատատս կարողացավ միայն պատմել, թե ինչպես է սողալով իջել կամրջից եւ ինչ-որ հրաշքով մի քանի օր անց փախստականների ամբոխի մեջ կարողացել է գտնել իր երկու որդուն: Կրտսեր դստերը չի գտել: Երկար տարիներ նախատատս կարծում էր, որ նա նույնպես մահացել է: Բայց 1949-ին անսպասելիորեն նամակ էր ստացել իր ողջ մնացած դստեր կողմից: Ես ունեմ Զարուհի նախատատիս եւ նրա երեխաների միակ լուսանկարը, որը կփոխանցեմ իմ որդիներին»:

Հայերի մի մասը մնացել է Թուրքիայում: Հալածանքներից խուսափելու համար նրանք փոխել են իրենց ազգանունները, ոմանք երբեմն իսլամ են ընդունել: Որբ մնացած երեխաները թուրքական ընտանիքներ էին ընկնում եւ որդեգրվում:  Այսօր Թուրքիայի շատ բնակիչներ հայկական արմատներ ունեն, բայց նրանց մեծ մասը չէր կասկածում այդ մասին` մինչեւ թուրք լրագրող, արմատներով հայ Հրանտ Դինքը չպատմեց «թաքնված հայերի» մասին:

Դինքն «Ագոս» թերթի գլխավոր խմբագիրն էր, որը հրատարակվում էր Ստամբուլում: Նա շատ էր գրում հայկական ողբերգության մասին: Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին «Ագոս» թերթի խմբագրության շենքի առջեւ: Իշխանությունների կողմից կազմակերպված հետաքննությունը ոչնչի չհանգեցրեց:

Թուրքական իշխանությունները շարունակում են ժխտել հայերի ցեղասպանությունը: Նրանք, ովքեր քննարկում են այս ողբերգությունը, կարող են հետապնդվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` «թուրք ազգին վիրավորանք հասցնելու համար»: Այսօր աշխարհի տասնյակ երկրներ ճանաչում են ցեղասպանության փաստը, այդ թվում` Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իտալիան, Բրազիլիան:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսն Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչեց, սակայն այդ տարվա դեկտեմբերի 17-ին Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձեռնպահ մնաց Կոնգրեսի կողմից ընդունված բանաձեւին աջակցելուց: Պետդեպարտամենտում հայտարարեցին, որ շարունակում են պատմական իրադարձությունները որպես «զանգվածային վայրագություններ» դիտարկել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ