News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի՝ մայիսի 2-ին կայանալիք առցանց համերգի ստեղծագործական եւ տեխնիկական ողջ անձնակազմն այս օրերին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որպեսզի ուղիղ եթերն անցնի հնարավորինս անխափան: Այս մասին այսօր՝ մայիսի 1–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց համերգի գլխավոր ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը՝ շեշտելով, որ իր մասշտաբով եւ տեսակով այս նախագիծն աննախադեպ է լինելու։

«Ողջ հեռարձակումը տեղի է ունենալու առցանց՝ ոչ հեռուստատեսությամբ, ու սա ունի իր հետաքրքիր զարգացումը, նշանակում է, որ մենք մեծ լսարան կարող ենք հավաքել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Թիմը բավական մեծ աշխատանք է տարել ու մենք միացել ենք, որ կարողանանք ստեղծել կոնտենտն ու հեռարձակումը: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով է արվում»,– ասաց նա։

Քեշիշյանը տեղեկացրեց, որ մարաթոնն անցկացվելու է երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն.

«Փորձելու ենք մաքսիմալ անխափան աշխատել եթերում: Շատ հետաքրքիր տեսանյութեր ենք պատրաստում այս ընթացքում: Ամեն ինչն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին, որպեսզի աջակցենք բուժաշխատողներին և ունենանք բարվոք վիճակ»:

Համերգին արդեն միացել են Հայաստանից ու Սփյուռքից ավելի, քան 60 արտիստ. այս թիվն, ըստ կազմակերպիչների, օր օրի ավելանում է:

Ասուլիսին ներկա երգիչներ Ալլա Լեւոնյանն ու Սարո Թովմասյանը բարձր գնահատեցին «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագիծը՝ նշելով, որ առանց վարանելու են միացել գաղափարին:

«Մենք, իսկապես, այս ամենն անում ենք սիրահոժար: Սա մեր կենսակերպն է, եւ մեր երկրում շատ են եղել դեպքեր, երբ առանց մտածելու կարեւոր գործեր ենք արել՝ եղել ենք թե´ բանակի, թե´ երեխաներ կողքին: Շնորհակալ եմ «Թովմայան» հիմնադրամին, որովհետեւ մեծ գործ է անում, մենք էլ մեր փոքրիկ ներդրումը պետք է ունենանք դրանում: Համերգը շատ գեղեցիկ է լինելու»,-իր խոսքում նշեց Ալլա Լեւոնյանը, Սարոն էլ հավելեց, որ արտիստներից յուրաքանչյուրը մեծ եռանդով ու պատասխանատվությամբ է մոտենում նախաձեռնությանը:

«Ես բոլորի անունից հստակ կարող եմ ասել, որ մեծ ուժով ու եռանդով բոլորս պատրաստ ենք մեր ելույթներին: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը կտարածվի աշխարհով մեկ, սա աննախադեպ միջոցառում է»,– ասաց նա։

Թե որքան կտեւի համերգային ծրագիրն, ու սցենարական ինչ շեղումներ կլինեն ընթացքում, Հրաչ Քեշիշյանը դժվարացավ հստակեցնել. նրա խոսքով՝ օնլայն հեռարձակումը հենց դրանով է հետաքրքիր լինելու.

«Նախնական կանխատեսումների համաձայն՝ համերգը կտեւի մոտավորապես 8 ժամ, կսկսենք Երեւանի ժամանակով 20:20-ին, կավարտենք հաջորդ օրը՝ 04:00-ին, այս պահին մեր պատկերացումներն այսպիսին են, բայց սա ուղիղ եթերում հեռարձակվող մարաթոն է, եւ, միգուցե, լինեն այլ անակնկալներ եւս, որոնք էլ ավելի կհետաքրքրացնեն հեռարձակումը: Մեր տեխնիկական ողջ կազմն աշխատում է, որ մենք ունենանք անխափան եթեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ