News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լավատեղյակ եք, որ կորոնավիրուսի պայմաններում հանրաքվեի իրականացումը փոքր-ինչ անհնար է, այդ իսկ պատճառով Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծումը պետք է դիտել այլ հարթությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Ազգային ժողովը առաջնային մանդատով օժտված կառույց է, որը քաղաքական որոշումների համար կրում է պատասխանատվություն եւ Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծման գործում ունի իր ուրույն դերակատարությունը եւ շատ նորմալ է, որ այս պայմաններում քննարկվում են ՍԴ հարցի լուծման այլ եղանակներ, քան հանրաքվեն է», ասել է Վաղարշակ Հակոբյանը եւ հավելել, որ չնայած արտակարգ դրությանը,   կյանքը շարունակվում է եւ դատական համակարգի,  Սահմանադրական դատարանի առողջացումը մնում է իշխող քաղաքական ուժի օրակարգում։ 

Վաղարշակ Հակոբյանի խոսքով,  հանրության մի հատված  լրջորեն չի վերաբերվում համավարակին եւ հենց դա է նաեւ պատճառներից մեկը, որ վարակվածների թվերը  աճ են գրանցում․

«Բայց ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց իրավիճակը կփոխվի, որովհետեւ մենք նաեւ մեր օրիմակով ցույց ենք տալիս, եւ բոլոր այն տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, կրում ենք դիմակներ, ձեռնարկում անվտանգության միջոցներ»։

«Իմ քայլը» խմբակցության անդամը հերքելէ տեսակետը, թե արտակարգ դրությունը երկարացվել է նորից հանրաքվեի փուլ չմտնելու համար։ Նրա խոսքով՝  երբ կորոնավիրուսը դեռեւս լայն թափով չէր տարածվել, իրենք հանրաքվեի կազմակերպման ակտիվ փուլում էին․ 

«Այդ ընթացքում ես ինքս ինձ վստահված տարածքներում զգում էի, թե ինչպես են բնակիչները խանդավառվում այն մտքից, որ պետք է Սահմանադրական դատարանի թնջուկի հանգուցալուծման գործում իրենց մասնակցությունն ունենան եւ սատարում էին այդ ամբողջ պրոցեսին։ Սա անհերքելի իրականություն է։ ՀՀ քաղաքացիները, ըստ իս, լիազորեցին իշխանություններին, որպեսզի ՍԴ թնջուկը հանգուցալուծվի։ Մի քանի փաստերից ելնելով եմ ես այս հայտարարությունն անում։ Նախ՝ ինչպես էին անցնում հանրահավաքները, դուք ինքներդ էլ կարող եք տեսնել այդ արձագանքները, երբ վարչապետի գլխավորությամբ թիմը մասնակցում էր։ Երկրորդ, ընդհանրապես դատաիրավական համակարգի առողջացումը բխում է ՀՀ  քաղաքացիների շահերից, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այն մարդիկ, որոնք նշում են, թե արտակարգ դրությունը երկարացվեց հանրաքվեից խույս տալու համար եւ այլն, այս հարցի հետ դա ընդհանրապես փոխկապակցված չէ, եւ նրանք, կարծում եմ, ինֆորմացիան ամբողջությամբ չեն վերլուծել»։

Վաղարշակ Հակոբյանը  կարծում է, որ իշխող ուժը ժողովրդի վստահությունն արդարացելու շատ քայլեր է արել, նաեւ չի բացառել, որ թերացումներ են եղել․

«Որպես լեգիտիմ իշխանություն, իշխանություն, որը ժողովրդի կողմից ստացել է բացարձակ մեծամասնություն, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ժողովրդի հույսերը արդարացնենք, եւ ես  կարծում եմ, որ մենք դրան միտված շատ քայլեր արել ենք։ Իհարկե, չեմ բացառում, որ ինչ-որ մի տեղ սխալվել ենք, ինչ-որ մի տեղ թերացել ենք, բայց ընդհանուր առմամբ տրամադրությունների արտահայտումը ունի մի ձեւ՝ դա ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունն է կամ ընտրությունների միջոցով այս կամ այն քաղաքական ուժին ավելի քիչ վստահության քվե տալը։ Սա ժողովրդի կողմից ընտրված իշխանություն է, որը ունի իր գործունեությունը ծավալելու համար իքս ժամկետ եւ երբ ՀՀ քաղաքացիները զգան, որ այս իշխանությունը չի արդարացրել իրենց հույսերը, բնականաբար, շատ նորմալ պրոցես է, նրանք իրենց ձայնը պետք է տան մեկ այլ քաղաքական ուժի։ Բայց ես կարծում եմ, որ մենք փորձում ենք անել ամեն ինչ ստեղծված օբյեկտիվ իրականության պայմաններում, որպեսզի հնարավորինս արդարացնենք մեր բնակչության հույսերը»։

Մարդու իրավունքների պաշտպանի հետ աղմկոտ պատմության թեման Վաղարշակ Հակոբյանը համարում է փակված․

«Եղել է քաղաքական ելույթ, եղել են արձագանքներ, այնուհետեւ եղել է մեկնաբանություն։ Կոնկրետ այդ հարցը համարում եմ փակված եւ չեմ ուզում մեկնաբանել։ Ուզում եմ  եւս մեկ անգամ կրկնել, որ որեւէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի քաղաքական ելույթը եւ որեւէ մեկը, որ գտնվում է Ազգային ժողովում, իրավունք չունի փորձել նեղվել քննադատությունից։ Այդ քննարկումը կոնկրետ մի անձի շուրջ չէր։ Սա աշխատանքային պրոցես է եւ եթե դրա մեջ չկա անձի վիրավորանք, ապա սա քննարկման նյութ դարձնել ես չեմ կարծում, թե տեղին է»։

Տպել
Ամենաշատ