News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մենք՝ որպես ընդդիմություն, գտնում ենք, որ նման կարեւորագույն խնդիրները, այո, միայն համաժողովրդական քննարկման արդյունքում կարող ենք ռեալ իրականությունը տեսնել եւ դա կարեւոր ցուցիչ կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, պատասխանելով հարցին՝ ՍԴ շուրջ թնջուկը հանրաքվեո՞վ, թե՞ ԱԺ-ում պետք է հանգուցալուծվի։

Եթե ԱԺ օրակարգ բերվի ՍԴ կազմի փոփոխության թեմայով փաստաթուղթ, դիրքորոշում հայտնելուց առաջ այն նախ կքննարկվի խմբկցությունում։

«Անձամբ ես կարծում եմ, որ հանրաքվեն է ճիշտ այն պարզ պատճառով, որ նման կարեւորագույն փոփոխությունը պետք է դառնա համաժողովրդական քննարկման առարկա»։

Իր կուսակից Գեւորգ Պետրոսյանին դիմակ չկրելու համար դահլիճից հեռացնելու թեմայով Սերգեյ Բագրատյանն ասել է, որ պետք է Կանոնակարգ-օրենքով առաջնորդվել․

«Օրենքից դուրս ոչինչ անել հնարավոր չի։ Որեւէ հայեցողական, կամայական մոտեցում խնդրահարույց է»։

Որոշ քաղաքական ուժերի՝ իշխանությունը սպառել է իրեն եւ պետք է փոխվի, հայտարարություններին արձագանքելով, Սերգեյ Բագրատյանն ասել է ժողովրդի վստահությունը հնարավոր է ստուգել հանրաքվեով կամ ընտրություններով․

«Ջերմաչափ չի, որ ասենք մինչեւ 36 աստիճանը դուք կորոնավիրուսի վտանգ չունեք, 38-ից բարձր լինի՝ ունեք։ Ժողովրդի վստահությունը ինչպե՞ս են չափում, պետք է հանրաքվե   կամ ընտրություն լինի, որպեսզի հասկանանք։ Հանրաքվե, կարծեմ թե, նշանակված է, որի արդյունքում կարելի է տեսնել ժողովրդի վստահությունը։ Սոցիալական տարբեր խմբեր տարբեր մոտեցումներ ունեն իշխանությանը կամ ընդդիմությանը։ Որեւէ մեկը չի կարող հստակ ասել, որ այս պահին ընդդիմությունը ինչքան վարկանիշ ունի, իշխանությունը՝ ինչքան։ Դա կարելի է միայն ընտրությամբ, հանրաքվեով իմանալ։ Կամ պետք է միջազգային պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներ անցկացվեն եւ հստակ հրապարակվեն  քաղաքական ուժերի վարկանիշները։   Ես, որպես ընդդիմադիր գործիչ, չէի ցանկանա անհիմն բաներ ասել։

ՏԻՄ ընտրությունների օրենքի նախագծում կարեւորագույն փոփոխությունն, ըստ Սերգեյ Բագրատյանի,  այն է, որ այուսհետեւ  4000 եւ ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում համամասնական ընտրակարգով են ընտրություններն անցկացվելու։

«Դա նշանակում է, որ տվյալ համայնքում  ընտրելու են ավագանու անդամներ, որոնք իրենց միջից ընտրելու են համայնքի ղեկավար, ինչպես Երեւան քաղաքում, Գյումրիում եւ Վանաձորում է։ Այս երեք քաղաքներում գործում է այս համակարգը։ Այսինքն աստիճանաբար ընտրությունները դառնում են քաղաքական նաեւ ՏԻՄ մակարդակում։ ՏԻՄ-ում մինչեւ 4000 ընտրողը դառնում է համամասնական՝ այդպիսով բարձրացնելով քաղաքական պատասխանատվության խնդիրը»։

Նրա խոսքով՝ որպեսզի հաղթահարվի  մաֆիոզ կլանների դիմադրությունը, պետք է գնալ քաղաքական ընտրությունների, կուսակցությունների դերը պետք է բարձրանա․

«Կուսակցությունները նախկինում չունեին այդ ուժը, որ կարողանային իշխող քաղաքական ուժին պարտադրել ընտրության արդյունք։ Հիմա պետք է մենք համոզվենք, թե արդյո՞ք նոր իշխանության պայմաններում  դեմոկրատիան աշխատելու է։ Եթե հիշում եք, Վանաձորի ընտրությանը մանդատագողություն եղավ, երբ մի քաղաքական կուսակցություն ավելի շատ մանդատ ուներ եւ պետք է համայնքի ղեկավար ընտրեր, իշխող քաղաքական ուժը մեկ գիշերվա մեջ չորս մանդատի տեղափոխություն արեց, ինչ ֆոկուսով՝ չհասկացանք, եւ պարտված քաղաքական ուժը համայնքի ղեկավար ընտրեց։ Որպեսզի այս զավեշտներից խուսափենք, մենք հանեցինք նաեւ բոնուսային համակարգը։ Այլեւս այն 10 տոկոսը, որ գումարվում էր, այսինքն, երբ հավաքում էին 40 տոկոս, բոնուսի ուժով դառնում էր 50 տոկոս տվյալ քաղաքական ուժը եւ արդեն մեծամասնություն էր ունենում՝ չունենալով այդքան քվե։ Բայց քանի որ որոշվել էր, որ կայուն մեծամասնություն պետք է գործի, արհեստական ձեւով 10 տոկոս գումարվում էր։ Հիմա այս ընտրական օրենսգրքով հանեցինք դա։ Այսինքն եթե 40 տոկոս ունի քաղաքական ուժը, դա ոչինչ չի փոխելու, նա պետք է բանակցի 10 տոկոսից ավելի ունեցող այլ ուժի հետ, որպեսզի մեծամասնություն ունենա»։

Տպել