News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում 3 մարդու սպանության մեջ մեղադրվող վագրը կյանքի մնացյալ հատվածը կանցկացնի անազատության մեջ, քանի որ «չափից ավելի վտանգավոր» է ազատության մեջ թողնելու համար:

Վագրը, որին տեղական լրատվամիջոցներն անվանել են «թափառաշրջիկ» կամ «քոչվոր», առաջին անգամ ծուղակով բռնվել էր 2018 թվականի դեկտեմբերին եւ անազատության մեջ պահվել 2 ամիս: Նրան հետեւելու համար օձիք էին հագցրել, եւ նա տեղաշարժվում էր վագրերի արգելոցի ու ազգային արգելոցի միջեւ:

Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ վագրը բազմիցս որս է արել բնակավայրերի մոտ՝ հարձակվելով անասունների վրա եւ վտանգի ենթարկելով մարդկանց:

Հիմա նրան ուղարկել են Մադհյա-Փրադեշի կենդանաբանական այգի: Պաշտոնյաները հայտարարել են, որ այս մասին որոշումը կայացվել էր մի քանի ամիս առաջ, բայց կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր:

«Նրան որոշ ժամանակ է անհրաժեշտ նոր իրավիճակին հարմարվելու համար: Մենք կհետեւենք նրա վարքագծին»,- AFP-ին ասել է Բհոփալում Վան Վիհար Ազգային արգելոցի տնօրեն Քամլիքա Մոհանթան:

Կառավարության տեղեկություններով՝ 2014-ից 2019 թվականներին վագրերի հարձակումների հետեւանքով սպանվել է մոտ 225 մարդ: Տվյալները ցույց են տվել, որ 2012 եւ 2018 թվականների միջեւ ավելի քան 200 վագրի սպանել են որսագողերը:

Հնդկաստանում է բնակվում աշխարհի վագրերի մոտ 70 տոկոսը: Անցյալ տարի կառավարությունը հայտարարել էր, որ 2018 թվականին վագրերի թվաքանակը 2006 թվականի ռեկորդային ցածր՝ 1411 մակարդակից աճել է մինչեւ 2967:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ