News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե ինձ իջեցվեր քաղաքական պատվեր եւ ես պատրաստ լինեի կատարել այդ քաղաքական պատվերը, ապա մինչեւ օրս կշարունակեի զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը եւ կանեի այդ քաղաքական պատվերները։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ արդյոք ինքը չունի՞ մտահոգություն, որ իր նկատմամբ նույնպես կարող է քրեական գործ հարուցվել , Վանեցյանը պատասխանեց. «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ապօրինի եւ քաղաքական նկատակ ունեցող հետապնդումները՝ կարող են հիմք տալ, որ մենք մտածենք՝ հնարավոր է եւ իմ նկատմամբ իրականացվի որեւէ գործողություն։ Առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով ինձ զրկել ազատությունից ուղղակի հնարավոր չի, որովհետեւ ես որեւէ բան ապօրինի չեմ արել»։

Լրագրողը նշեց, որ երբ ինքը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնը, այդ ընթացքում ԲՀԿ առաջնորդի համակիրներից Սեդրակ Առուստամյանի հետ կապված քրեական գործ կար, եւ հարցին՝ ինչո՞ւ այդ ժամանակ դա քաղաքական հետապնդում չէր դիտարկվում, Վանեցյանն ասաց. «Սեդրակ Առուստամյանը քաղաքական գործիչ չէ եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն անգամ ԲՀԿ անդամների կողմից չի որակվել որպես քաղաքական։ Նույնը վերաբերում է նաեւ Էդուարդ Բաբայանին»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործի մանրամասներին ինքը ծանոթ չէ եւ չի կարող դրա վերաբերյալ գնահատական տալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ