News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր, հուլիսի 4-ին, մեկ շաբաթ բուռն բանակցություններից հետո Մարսելի քաղաքային խորհուրդը քաղաքապետ է ընտրել ձախ ուժերի ներկայացուցիչ Միշել Ռյուբիրոլային: Նա Մարսելի առաջին կին քաղաքապետն է: Դրանից առաջ քաղաքը քառորդ դար ղեկավարում էր աջերի ներկայացուցիչ Ժան Կլոդ Գոդինը, հայտնում է RFI-ը:

Միշել Ռյուբիրոլայի օգտին իրենց ձայներն են տվել 51 քաղաքային խորհրդականներ, իսկ նրա մրցակից աջ հանրապետականներից Գի Տեսյեն հավաքել է 41 ձայն:

Ռյուբիրոլան առաջադրվել էր ձախերի միության եւ նրանց միացած Մարսելյան գարուն»-ի (Le Printemps Marseillais) բնապահպանների կողմից: Քաղաքային խորհրդում քվեարկության երկրորդ փուլից առաջ քաղաքապետի մեկ այլ թեկնածու, Սոցիալիստական ​​կուսակցության նախկին անդամ եւ սենատոր Սամյա Գալին հանել է իր թեկնածությունը՝ հօգուտ «Մարսելյան գարուն»-ի ներկայացուցչի:

Մարսելի նոր քաղաքապետը մասնագիտությամբ բժիշկ է: 2015 թվականից նա Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի անդամ է: Երկու անգամ անհաջող առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Եվրոպա Էկոլոգիա Կանաչներ» կուսակցությունից: Մարսելի քաղաքապետ նա առաջադրվել է ձախակողմյան ուժերի կոալիցիայի կողմից, որի մեջ, ի թիվս մյուսների, մտել է նաեւ Ժան Լյուկ Մելանշոնի ծայրահեղ ձախ «Անհնազանդ Ֆրանսիա»-ն: Բնապահպանները ձախերի միությանը միացել են քաղաքային ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ: Ընտրությունների երկրորդ փուլը պետք է անցկացվեր մայիսի կեսին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր մինչեւ հունիսի վերջը:

Միշել Ռյուբիրոլայի հաղթանակը տեղավորվում է քաղաքական այն թրենդում, որ նկատվել է այս ընտրություններում: Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում հաղթել են ձախ եւ կանաչ կոալիցիայի ներկայացուցիչները: Բացի այդ, Ֆրանսիայի մի շարք խոշորագույն քաղաքներում (որոշ քաղաքներում առաջին անգամ, ինչպես Մարսելում) քաղաքապետ են ընտրել կանանց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել