News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Օրերի, նույնիսկ երբեմն ժամերի ընթացքում հնարավոր է լայնածավալ ռազմական գործողությունների էսկալացիա։ Շատերին կարող է թվալ, որ հանկարծակի եղավ, ոչ մի բան չէր խոսում այն մասին, որ պայթուն կլինի, բայց եթե մի տեղում այդքան զինուժ կա կուտակած, չլուծված կոնֆլիկտ կա, ապա այդ ամեն ինչը նշանակում է, որ շատ արագ կարող է իրավիճակը սրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ռազմական գործողությունները կտրուկ վերսկսվեն։

«Ցանկացած փոքր միջադեպ կարող է դառնալ շատ ավելի մեծ լայնածավալ գործողությունների պատճառ։ Ի վերջո այս գործողությունն էլ լոկալ ինչ-որ բան էր, որն Ադրբեջանը գերադասեց ուռճացնել, ամբողջ աշխարհին իրար խառնեց։ Այսինքն՝ մեր իրավիճակում ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշեց նա։

Թեև պաշտոնական հայտարարություն չկա, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում սկսած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը դիրքերը բարելավել է, այնուամենայնիվ խոսակցություններ կան, որ ՀՀ ԶՈՒ-ն 2 դիրք է գրավել։ Կարեն Վրթանեսյանը ևս չի շտապում որևէ հստակ տեղեկություն տալ՝ առաջարկելով սպասել պաշտոնականին։

«Պաշտպանության նախարարության շրջանակներից կարծես թե ասվեց, որ այո, դիրքային վերադասավորումներ կան հօգուտ հայկական կողմի։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, թե որ հատվածի մասին է խոսքը, գուցե սխալվում եմ, բայց ստացվում է, որ ադրբեջանական մի շարք դիրքեր, որոնք սպառնում էին հայկական բնակավայրերին, մեր վերադասավորումներով իրենց սնուցման ուղին կտրվել է, և դա բարդություններ է ստեղծում այդ դիրքերը պահելու համար», - ընդգծում է ռազմական հարցերով փորձագետն ու հավելում՝ բանը հասավ նրան, որ հայկական կողմի հարվածից սպանվեցին ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներ, ինչն էլ, իհարկե հասարակությանը վրդովվեցրեց։

Կարեն Վրթանեսյանը ուշադրությունը հրավիրում այն բանին, որ Բաքվում ակտիվ ցույցերի սկզբում ոստիկանությունը մեղմ էր վերաբերվում, այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ իշխանական որոշ շրջանակներ են մասնակցել։

«Ցույցը իրականում իշխանության դե՞մ էր, թե, օրինակ, իշխանության ինչ-որ օղակ փորձում է դրանով հարվածել մի ուրիշ օղակի, ինչ-որ միջկլանային պայքարի դրսևորում է, դա էլ չենք կարող բացառել։ Այն, որ դա ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից, դա էլ է փաստ է, որովհետև Ադրբեջանում յուրաքանչյուր բողոք ճնշվում է, շատ տարբեր խմբեր, օրինակ՝ մի կողմից լիբերալ, մյուս կողմից՝ պահպանողական խմբերը, որոնք այլ պայմաններում հնարավոր չէ իրար կողքի կանգնեին, նման ցույցերին գալիս են ամեն մեկն իր կարգախոսներով, լոզունգներով։ Մեկը գոռում է՝ «մահ հայերին», մյուսը պահանջում է Ղարաբաղը, երրորդն էլ սոցիալ-տնտեսական հարցեր է բարձրաձայնում, չորրորդն էլ հրաժարական պահանջում։ Այսինքն՝ կար հավանականություն, որ այդ ցույցերը կարող են ինչ-որ պահի վերահսկողությունից դուրս գալ, բայց գիշերը ցրեցին»,- ասաց նա։

Կարեն Վրթանեսյանը տրաբանական է համարում, որ Ադրբեջանում կարող էին հասարակության ուշադրությունը՝ երկրի տնտեսական վիճակից շեղելու համար, և ներքին խնդիրները լուծելու համար ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։

«Ադրբեջանը նախկինում բազմիցս ապացուցել է, որ այնտեղ այդ մեթոդը դեպի հայեր, դեպի արտաքին թշնամի շեղելը՝ միշտ աշխատող տարբերակ է ու հերթական անգամ դա կիրառել են»,- շեշտեց ռազմական հարցերով փորձագետը։

Նախօրեին ՀՀ Զինված ուժերը Ադրբեջանի ԶՈՒ–ին պատկանող իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք խոցեցին։ Ասում են, որ այն շատ թանկարժեք է, մոտ 30 մլն դոլար, և ԱԹՍ խոցելը հեշտ գործ չէ, և կարծես թե առաջին դեպքն է աշխարհում։ Կարեն Վրթանեսյանի համոզմամբ՝ ադրբեջանցիները սխալ են թույլ տվել, մեր զինվորականներն էլ առիթը բաց չեն թողել և խոցել են անօդաչու թռչող սարքը։

«Սա նաև խսում է մեր զինուժի լավ պատրաստվածության մասին։ Ընդհանրապես այդ գործողություններում մեր Զինված ուժերը արեց այն ամենը՝ ինչ հնարավոր էր, շատ լավ գործեցին, ցավոք սրտի, զոհեր էլ ունեցանք»,- նկատեց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շուրջ բարձրաձայնվող քննադատություններին, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, Ադրբեջանը՝ ոչ, բայց կազմակերպությունը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել գործողությունները, սադրիչ գործողությոնների չգնալ, Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ ՀԱՊԿ-ի արձագանքը դժգոհություններ առաջացրեց, բայց սպասելի ու տրամաբանական էր։

«Անկախ նրանից, թե ով է Հայաստանում իշխանության, ՀԱՊԿ-ի անդամներ են Բելառուսը, Ղազախստանը և այլն, առնվազն այդ երկուսը շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Առաջին դեպքը չէ, և կարելի էր կանխատեսել, որ այդ երկրները կփորձեն չեզոքացնել Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած քայլ ՀԱՊԿ-ի կողմից, իհարկե մինչև որոշ աստիճան, ի վերջո հիմնական որոշողը Ռուսաստանն է։ Ե՛վ Բելառաուսը, և՛ Ղազախստանը ասելիք ունեն ու կարող են բարձրաձայնել և ինչ-որ չափով խանգարել»,- ասաց նա։

Բացի այդ, Կարեն Վրթանեսյանը հիշեցնում է 2018թ․-ի աշունը, երբ Հայաստանը Յուրի Խաչատուրովին հետ էր կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այդ գործընթացը միանշանակ չէր ընդունվել։ Արդյունքում մեկուկես տարի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել։

«Եթե դրանից հետո Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին, բնական է, որ ներկա քարտուղարը շատ ոգևորված չի լինելու»,- ընդգծեց նա։

Հավելենք նաև, որ 2020 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին։ Ըստ Կարեն Վրթանեսյանի, եթե հայկական կողմը ակնկալում էր ՀԱՊԿ-ի արձագանքին, ապա պետք է դրան պատրաստվել կուլիսների հետևում։

«Նիստ հրավիրելը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որ դու 100% համոզված ես, որ այդ նիստը կընթանա քո ուզած ձևով և դու կստանաս այն, ինչ ակնկալում ես։ Հակառակ դեպքում լինում է այնպես, ինչպես եղավ։ Հայտարարեցին, որ նիստ են գումարում, հետո անորոշ ժամանակով հետաձգեցին, ու ստացվեց, որ ՀԱՊԿ-ը հրաժարվում է աջակցել Հայաստանին։ Ի սկզբանե այդ թեման հանրայնացնելը՝ չունենալով երաշխիքներ, ես կոպիտ սխալ եմ համարում»,- ընդգծեց նա։

Տպել