Եթե դրսից մեկը գա, իրեն շատ տարօրինակ կթվա մեր պահվածքը, բայց մեր այս մոտեցումը շատ խորը արմատներ ունի, միշտ էլ մեր կերպարի մեջ եղել է մի ձեռքով բահը, մյուս ձեռքով զենքը: Այս մասին նշեց Տավուշի մարզի Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը:
«Մենք գիտակցում ենք, որ այս հողի վրա դարերի երկայնքով հայրենիքի պաշտպանների արյուն է հեղվել, այս հողը ներծծել է իր մեջ շատ ու շատ հայ շինականների քրտինք: Այս հողը ինչ-որ վերացական կատեգորիա չի մեզ համար, սա մեր իրական հայրենիքն է: Եթե քաղաքում ապրող մարդն իր ոտքերի տակ հողի քաղցրությունը, ուժն ամբողջությամբ չի զգում, ապա այստեղ չես կարող չզգալ: Ես բնական եմ ընկալում այս մոտեցումը, արտառոց բան չկա, միշտ էլ մեր մեր կերպարի մեջ եղել է մի ձեռքով բահը, մյուս ձեռքով զենքը: Որովհետեւ հայերիս հոգեբանության մեջ շատ խորը արմատացած է հողագործի պահվածքը: Քոչվորները գալիս էին իրենց հողով անցնում էին, հողագործն ասում էր՝ էն կողմով անցեք: Էդպես սկսում էին կողոպտել, նեղացնել եւ մենք ստիպված էինք այդ չարության, նախանձության դեմը առնել զենքով: Այդտեղից է գալիս, որ մենք նախահարձակ չենք լինում:
Բայց 21-րդ դարում պետք է փոխենք մեր մտածումները, որովհետեւ այլեւս սուրբ հացը շան բերանը տալու չունենք: Մեր Հայաստանը սուրբ է եւ մենք շներին տալու սուրբ Հայաստան չունենք»,-ասաց նա:











