News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Նախօրեին ՍԴ դատավորի Կառավարության թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մոտ 3 ժամ տևողությամբ հանդիպում ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանն ասաց, որ ի թիվս այլ հարցերի պատգամավորներն իրեն հարցեր են ուղղել նաեւ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ, ինքը որպես ՀՀ քաղաքացի ունի իր մոտեցումը եւ ներկայացրել է այն պատգամավորներին՝ «չակերտները բաց»։

Որքանո՞վ է ճիշտ Սահմանադրական դատարանի ապագա դատավորի համար կուսակցության հետ նման հանդիպումը եւ իր դիրքորոշում հայտնելը այնպիսի հարցի շուրջ, ինչպիսին «Մարտի 1-ի» գործն է, որի վերաբերալ այս պահին ՍԴ-ում վարույթ կա։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ի հետ զրույցում արձագանքելով այս հարցին ասաց, որ մենք գնալով ավելի շատ ենք գլորվում դեպի կուսակցապետություն, եւ, որ երբեք այդքան մոտ չենք եղել Խորհրդային ժամանակներում կուսակցության դոմինանտների դերով քաղաքական համակարգին, որքան հիմա. «Այն աստիճան բնական է դա դիտվում շատերի կողմից, որ առանձնապես որեւէ մեկը դրա մասին չխոսեց։ Շատ ավելի ճիշտ կլիներ, եթե հանդիպումը տեղի ունենար օրինակ ԱԺ խմբակցությունների ձեւաչափով։ Այստեղ խնդիրը վերաբերում է ոչ թե թեկնածուին, այլ հրավիրող կողմին, որովհետեւ հրավիրող կողմն է, որ ոչ պատշաճ ձեւաչափ է ընտրել հանդիպման համար։ Իշխող քաղաքական ուժը, որն իրականում որոշում է՝ այդ մարդը դառնալու է ՍԴ դատավոր, թե ոչ, փորձում է սեփական դիրքորոշումները եւ սեփական մոտեցումները պարտադրել»։

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ դատավորի թեկնածուների հետ հանդիպումն ընդունված պրակտիկա է, եւ ժամանակին իր հետ էլ են հանդիպել խմբակցությունները. «Նույնպիսի հարցեր տալիս էին նաեւ ԱԺ դահլիճում հրապարակավ»։

Մեր հարցին՝ արդյոք «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ թեկնածուի դիրքորոշմանը ծանոթանալը պատգամավորների համար որոշիչ դեր չի՞ խաղա այդ թեկնածուի օգտին կամ դեմ  քվեարկելիս, Գոռ Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, այդ հարցուպատասխանը նույնպես դեր է խաղում պատգամավորների կողմից թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու հարցում»։

Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանի խոսքով՝ կուսակցության հետ հանդիպումն ընդամենը տեխնիկական մի փոքրիկ վրիպում է ՍԴ-ի շուրջ իրականացվող այս ամբողջ հակասահմանադրական գործընթացում։

«Իմ գնահատականն այն է, որ այդ գործընթացները հակասահմանադրական են։ Այդ տեխնիկական մի փոքր վրիպումը, որ հանդիպում է տեղի ունեցել կուսակցության հետ, այդ ֆոնին ի՞նչն է փոխելու։ Սակայն եթե մասնակցել են խմբակցության անդամները՝ ֆորմալ տեսանկյունից ձեւական առումով հանդիպումը գրասենյակում խնդիր չէի տեսնի, իսկ եթե մասնակցել են կուսակցականներ, ապա արդեն պետք է հասկանալ, թե ինչու են հանդիպել, ինչ հարցեր են եղել, եւ ինչու պետք է ինքը պատասխաներ այդ հարցերին»,- ասաց Գրիգոր Մուրադյանը։

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև հիմա հանդիպել է միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ. «Մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում չեմ ունեցել, ենթադրում եմ, որ մյուս խմբակցությունների հետ եւս պետք է հանդիպումներ լինեն»։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը եւս մեկ հարց է բարձրացնում ՍԴ անդամների ընտրության գործընթացի վերաբերյալ. թեկնածուներն առաջադրվել են առանց մրցույթի. «Այսինքն՝ թեկնածուն առաջադրվել է առանց մրցույթային ընթացակարգի, այն դեպքում երբ մեզ մոտ 2 տարի առաջ դա համարվեց սկզբունքային։ Շարունակում եմ ակնկալել, որ այն նույն ՀԿ-ները կդիմեն ԱԺ, որ միայն այդ հիմքով այս քվեարկությունը չիրականացվի»։

Նա նշեց, որ կա 2 ճանապարհ. կամ պետք է ունենանք ինստիտուտների վրա հիմնված իրավական, ուժեղ պետություն, կամ շատ մեծ կասկածի տակ է մեր պետականության կենսունակությունը. «Եվ սա այդ հարցերից մեկն է՝ արդյոք կունենա՞նք նման սկզբունքայնություն այդ նույն կազմակերպությունների կողմից, որոնք գործընթացը նախաձեռնել էին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի
Հուշարձանն կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի այգում...
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման համար կհատկացվի 96,41 մլն դրամ
Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու...
Մարտի 1-ի գործով 24 դատավորից համակարգում մնացել է կեսը. արդարադատության նախարար
Կարգապահական պատասխանատվությունը վերահսկողության ամենագործուն մեխանիզմն է, կարծում է Կարեն Անդրեասյանը...
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին…
Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է. մեղադրանք է առաջադրվել ՔՕ 309-րդ հոդվածի 3-րդ մասով
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը...
«Ես փնտրում եմ այդպիսի մեղադրողի, որ մի օր դեմս կանգնի». Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1-ի» գործը տապալելու մասին
Հրաժարական տալն ինքնանպատակ չի, եթե որեւէ պետական պաշտոնատար անձ նախանձախնդիր է…
Ամենաշատ