News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2019 թ.-ի հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արթուր Մանուկյանը ընդամենը 19 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել բազմաբնակարան շենք Երևանում։ Նույն ամսում նա վաճառել է Քանաքեռ-Զեյթուն թաղամասում գտնվող իր բնակարանը՝ ընդամենը 65 ԱՄՆ դոլարով։ Այս մասին հայտնում է data.hetq.am-ը:

Հենց այսպիսի տարօրինակ գումարներ են նշված պատգամավորի 2019 թ.-ի տարեկան հայտարարագրում։ Հայտարարագրից նկարները ներկայացնում ենք ստորև։

Բնականաբար, նման գումարով բազմաբնակարան շենք ձեռք բերելն անհնար է։ Քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը լիովին ձևափոխվել է, ենթադրում էինք, որ այդ թվերը կարող են լինել տեխնիկական խնդրի արդյունք։

Ուստի, անցած ամիս՝ հունիսի 30-ին, գրավոր հարցմամբ դիմել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Հարցման մեջ մանրամասն ներկայացրել էինք Մանուկյանի և մի շարք այլ պատգամավորների հայտարարագրերում մեր նկատած անճշտություններն ու սխալները։

Մի քանի շաբաթ շարունակ data.hetq.am-ը վերլուծել էր բոլոր պատգամավորների հայտարարագրերը և, հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովի նոր ձևավորված լինելու հանգամանքը, վերլուծության արդյունքում գտած սխալները գրավոր հարցումով ուղարկել էր Հանձնաժողովին, հուսալով, որ դրանք շուտափույթ կուղղվեն, և մենք կկարողանանք շարունակել մեր աշխատանքը։

Մեր հարցմանը հանձնաժողովը 5 օրյա ժամկետում գրավոր չպատասխանեց, ինչպես պարտավոր էր ըստ օրենքի։

Հարցումը ուղարկելուց 10 օր անց ստիպված էինք կապ հաստատել հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ։ Նա ասաց, որ հարցմանը չեն պատասխանել ծանրաբեռնվածության պատճառով։ Հեռախոսազրույցից հետո հանձնաժողովի աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ խնդիրը, իսկապես, տեխնիկական է։ Այն տպավորությունն էր, որ հարցումը մանրամասն ուսումնասիրել են միայն մեր զանգից հետո։

Բայց, մեկ ամիս անց, նշված սխալները դեռ չեն շտկվել, և չեն տեղեկացնում, թե երբ կուղղեն։ Հանձնաժողովի՝ քայլեր չձեռնարկելու արդյունքում տուժում է նաև լրատվամիջոցի աշխատանքը, քանի որ վրիպակներով լեցուն հայտարարագիրը հնարավոր չէ վերլուծել։

Արդյունքում հիմա պարզ չէ, թե որքան գումարով է պատգամավոր Մանուկյանը ձեռք բերել այդ բազմաբնակարան շենքը և որքանով է վաճառել մեկ այլ բնակարան։ Քանի դեռ այս թվերը հստակ չեն, մենք չենք կարող պարզել, թե ինչպես է ընդհանուր առմամբ 3,7 միլիոն դրամ եկամուտ և 33 հազար դրամ դրամական միջոց հայտարարագրած պատգամավորը ձեռք բերել բազմաբնակարան շենք Երևանում։

Տարեկան հայտարարագիրը՝ մեկուկես ամիս ուշացմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում չկան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի 3 հայտարարագրերը։ Այս մասին նույնպես հուլիսի 23-ին գրավոր տեղեկացրել էինք  հանձնաժողովին։

Հանձնաժողովը պատասխանել է, թե, ըստ օրենքի, պատգամավորը 2 հայտարարագրեր ներկայացնելու (Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու և ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու) պարտավորություն չի ունեցել, իսկ նրա 2019 թ.-ի տարեկան հայտարարագիրը, ըստ հանձնաժողովի, ներկայացվել է մայիսի 31-ին։

Սակայն, որպես փաստ կարող ենք արձանագրել, որ նույնիսկ եթե Սոֆիա Հովսեփյանը իր տարեկան հայտարագիրը հանձնաժողովին ներկայացրել էր մայիսի 31-ին, ապա հանձնաժողովը այն տեղադրել է կայքում մեկուկես ամիս ուշացմամբ, միայն մեր հարցումը ստանալուց հետո։ Հուլիսի 23-ի դրությամբ հայտարարագիրը չկար կայքում։

Սամսոն Մարտիրոսյան

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել