News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի իշխանությունները պետք է երկխոսություն սկսեն քաղաքացիական հասարակության հետ: Այս մասին շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոչ ենք անում բելառուսական իշխանություններին երկխոսություն սկսել բելառուսական հասարակության հետ»,- ասել է նա:

«Մենք ասել ենք, որ (Բելառուսի նախագահական) ընտրությունները ազատ եւ արդար չեն եղել»,- ասել է Պոմպեոն՝ հիշեցնելով, որ վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում եվրոպական առաջնորդների հետ՝ բելառուս ժողովրդին սատարելու համար:

Պոմպեոյի խոսքերով՝ ԱՄՆ իշխանությունները աջակցում են Բելառուսում բողոքի ցույցերի մասնակիցների ազատ արձակմանը, սակայն այդ գործողությունները անբավարար են համարում:

«Մենք քննարկել ենք Բելառուսում իրավիճակը, որին ուշադիր հետեւում ենք: Ուրախ էի տեսնել, որ ձերբակալվածներից ոմանք ազատ են արձակվել, բայց դա ակնհայտորեն բավարար չէ»,- ասել է նա:

Չապուտովիչն, իր հերթին, Բելառուսում իրադարձությունների զարգացումն «անհանգստացնող» է անվանել եւ եւս մեկ անգամ կոչ է արել բելառուսական իշխանություններին «հարգել մարդու իրավունքները»:

Ինչպես իր հերթին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը, Պոմպեոն Բելառուսում տիրող իրավիճակը քննարկել է նաեւ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ: «Պետքարտուղար Պոմպեոն եւ վարչապետ Մորավեցկին քննարկել են ԱՄՆ-ի եւ Լեհաստանի միջեւ սերտ համագործակցության ոլորտները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, ռազմական համագործակցության ամրապնդման մասին համաձայնագիրը եւ Բելառուսի ժողովրդին մեր աջակցությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ նրանք քննարկել են տնտեսական վերականգնման հարցերը նոր կորոնավիրուսի համավարակից հետո, համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ հեռահաղորդակցության ոլորտում, ինչպես նաեւ «Լեհաստանի քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացման գործում համագործակցության մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը»:

Բացի այդ, Պոմպեոյի եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի միջեւ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են «ապագա համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ տարածաշրջանային ռազմական անվտանգության խթանումը, միջազգային խաղաղության եւ կայունության ապահովումը, եվրոպական էներգետիկ անվտանգության ամրապնդումը, միջազգային ահաբեկչությանը հակազդելու» եւ տնտեսական հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարը շաբաթ օրը առավոտյան ժամանել է Վարշավա եւ Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի հետ ռազմական համագործակցության ամրապնդման վերաբերյալ պայմանագիր է կնքել, ինչը նախատեսում է կանոնավոր կերպով ամերիկյան զորքերի տեղակայում Լեհաստանում եւ ռազմական զորախմբի թվի աճ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ