Մենք պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու, որովհետեւ ներողություն խնդրելու չունենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության անդամ Սաթենիկ Խլղաթյանը։
«Մենք մեր կողմից ոչ մի ավելորդություն թույլ չենք տվել, հակառակը, եթե իրենք շատ էին ցանկանում, որ ներողություն խնդրեինք ու իրենք չեն ներկայանում՝ անհիմն ձգձումներով։ Այդ 10 հոգին միասին իրենց ուղղորդողների հետ պիտի ներողություն խնդրեն մեզնից։ Մենք ասել ենք՝ Կառավարությունը որ բյուջեից «Մարտի 1-ի» մահացածների ներկայացուցիչներին հատկացրել է 30 միլիոն, թող նույն բյուջեից հատկացնեին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ Այստեղ ներողություն խնդրելու բան կա՞։ Թող վիրավորվեն, որ փող են վերցնում ու գնում ուրիշ դատավարություններին ելույթ են ունենում»,- ասաց Խլղաթյանը։
Անդրադառնալով արդեն երկու դատական նիստին հայցվոր կողմի՝ դատարան չներկայանալուն, նա ասաց. «Արդեն երկու դատական նիստ կա, տեսնում եք, որ չեն ներկայանում, բա ումի՞ց ներողություն պիտի խնդրեմ»։
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր՝ հուլիսի 15-ին, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը հետաձգվեց։
Ինչպես նախորդ այնպես էլ այս դատական նիստին հայցվոր կողմը ներկա էր դատական նիստին։
Այս նիստին քննարկվել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը եւ այդ մասով ապացուցման բեռը բաշխելու, ապացույց ներկայացնելու եւ ժամկետ սահմանելու։
Նշենք, որ հայցվոր կողմը գտնում է, որ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում.
«Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղեքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն»։
Հայցվոր կողմը գտնում է, որ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը եւս հանդիսանում է զրպարտություն.
«Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր»։











