News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 25
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվի կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, ապա դա, իհարկե, մեծ ձեռքբերում կլինի եւ կարող է ճգնաժամից դուրս գալու միջանկյալ ելք դառնալ, բայց ես իրավիճակի դրական գնահատման նախադրյալներ չեմ տեսնում: Այս մասին սեպտեմբերի 15-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նրա խոսքերով՝ ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ Տավուշի մարտերից հետո կարելի էր ակնկալել, որ հատուկ հանդիպում կկազմակերպվի, որի ժամանակ կստորագրվի խաղաղության նոր համաձայնագիր: «Դա պայմանավորված է նրանով, որ եթե նախկինում բախումները տեղի էին ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, ապա այժմ դա ուղղակիորեն առնչվել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներին, սակայն ոչ նոր համաձայնագիր, ոչ ժամանակավոր հրադադար կնքել չի հաջողվել: Այս ժամանակահատվածում Մինսկի խումբը ակտիվորեն աշխատում էր, առաջին հերթին` Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը, ով կարողացավ կարգավորել այս հակամարտությունը, բայց հանդիպում կազմակերպելու ռուսական առաջարկները չհաջողվեց իրականացնել՝ Ադրբեջանի մերժման պատճառով: Այժմ ՄԽ-ն հանդես է եկել որպես միջնորդ՝ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար: Բաքուն, որն այս ընթացքում փոխեց արտաքին գործերի նախարարին, հանդես եկավ Մինսկի խմբի գործունեության կտրուկ քննադատությամբ՝ ակնարկելով, որ ամեն ինչ պետք է սկսել գրեթե «մաքուր էջից»: Այդ պատճառով բանակցային գործընթացի օրակարգն անորոշ դարձավ, եւ հարց է առաջանում՝ վերադառնա՞լ նախկին ձեւաչափին եւ նախկին օրակարգին, որը Մամեդյարովի եւ Մնացականյանի միջեւ էր, թե՞ ինչ-որ նոր բանից սկսել: Մոսկվա Ադրբեջանի նոր արտգործնախարարի այցից հետո պարզ դարձավ, որ Բաքուն հակված չէ բանակցել նախկին օրակարգի շուրջ, ուստի երկու նախարարների (Բայրամով եւ Մնացականյան - խմբ.) Հանդիպման հարցը կախվեց օդում: Հիմա մենք տեսնում ենք ՄԽ-ի ակտիվացում, տեղեկություններ են հայտնվել, որ համանախագահները հեռախոսով առանձին բանակցություններ են վարել երկու երկրների արտգործնախարարների հետ եւ կարծես թե պայմանավորվել են հանդիպման մասին: Սակայն քանի որ այդ բանակցություններն ընթանում են կուլիսների հետեւում, եւ տեղեկատվությունը չի հրապարակվում, բացարձակապես անհասկանալի է, թե նախարարներն ինչ օրակարգի շուրջ պետք է հանդիպեն:

Նախ՝ այդ հանդիպումը պետք է նախապատրաստել, երկրորդ՝ նման բանակցությունների նախադրյալներ դեռ չկան: Դրանք կարող են լինել միայն այն դեպքում, եթե ՄԽ-ն որրեւէ կողմին իր սցենարով սեղմի: Բայց հայկական կողմը, որքան գիտեմ, իր դիրքորոշումը չի փոխել նույնիսկ Տավուշի ճգնաժամից հետո, ի տարբերություն Ադրբեջանի: Եթե Բաքուն վերադառնում է իր նախկին դիրքորոշմանը, այսինքն շարունակում է այն սցենարը, որը նախանշվել էր Մամեդյարովի եւ Մնացականյանի միջեւ երկխոսության ընթացքում, ապա դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ ուժային սցենարի եւ պատրաստ է բանակցությունների»,- նշեց նա: Տարասովը պարզաբանեց, որ Բաքվի համար բանակցությունների հեռանկարները նույնպես շատ մշուշոտ են, քանի որ նա լուրջ ռազմավարական սխալ թույլ տվեց՝ Տավշուի ճգնաժամի ժամանակ ակտիվացնելով Թուրքիային: «Ավելի վաղ՝ հայ-ադրբեջանական սրացման շրջանում, Անկարան հանդես էր գալիս որոշ հայտարարություններով, բայց դա անում էր «հետին պլանում», իսկ այժմ նա ակտիվություն ցուցաբերեց եւ նույնիսկ հնարավոր հակամարտությանը մասնակցելու պատրաստակամություն: Դա հանգեցրեց նրան, որ ղարաբաղյան հակամարտությունն հայտնվեց երկու ռազմական բլոկների՝ ՀԱՊԿ-ի (որի կազմում է Հայաստանը) եւ ՆԱՏՕ-ի (որի կազմում է Թուրքիան) հնարավոր դիմակայության գոտում: Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններն ու հեռանկարները նախորդ սցենարով դժվարանում են, իսկ Ադրբեջանը, փորձելով ինտեգրել Թուրքիային, ամեն ինչի հետ մեկտեղ, նաեւ անհարմար վիճակի մեջ դրեց Անկարային»,- հայտարարեց քաղաքագետը:

Տարասովն ընդգծեց, որ ինչպես ապրիլյան պատերազմը, այնպես էլ Տավուշի ճգնաժամը մնում են հանելուկային, քանի որ շատ անհասկանալի բաներ կան, միջազգային դիտորդներ չկան, եւ  հայտնի չէ բախումների նախաձեռնողը: «Կարծիքն այն մասին, որ հայերը փորձում են ինչ-որ շրջան գրավել, կատարյալ անհեթեթություն է: Նրանց ինչի՞ն է դա պետք։ Այլ հարց է, եթե, օրինակ, Ադրբեջանը ձգտում է գոնե մեկ կամ երկու շրջան վերցնել, որպեսզի ինչ-որ կերպ նշանավորի իր հաղթանակը: Կարելի է ենթադրել, որ Բաքուն ձգտում է փոխել ստատուս-քվոն: Այստեղից հարց է առաջանում՝ ո՞վ է հակամարտության նախաձեռնողը: Երկրորդ պահը՝ կրկնում եմ, այն է, որ Ադրբեջանը լուրջ ռազմավարական սխալներ է թույլ տալիս` այս հակամարտությունը ինտեգրելով գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ, ինչը երկրորդ երկարատեւ «պաղեստինյան հակամարտության» վտանգ է առաջացնում: Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, դրա կարգավորումը նախկին սցենարի համաձայն ավելի ու ավելի է բարդանում, բացի այդ, սկսում են նեղանալ ՄԽ-ի ռեսուրսները: Նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ էր միջանկյալ բանակցությունների գնալ»,- հավելեց նա: Փորձագետը համոզմունք հայտնեց, որ խնդիրը գտնվում է Ադրբեջանում, որը պաշտոնանկ արեց Մամեդյարովին, ով հանդես էր գալիս երկխոսության շարունակման օգտին: «Այժմ երկխոսությունը խափանված է, եւ Բայրամովը փորձում է այն վերսկսել արդեն մաքսիմալիստական դիրքերից, ինչը չի ստացվում: Այդ դեպքում ինչի՞ մասին են խոսելու նախարարները: Դեռ ամեն ինչ գտնվում է «բանակցություններ բանակցությունների շուրջ» մակարդակում: Շատ հնարավոր է, որ նոր նախարարը Ալիեւից բանակցություններ վարելու հանձնարարականներ է ստացել՝ նոր փակ տիպի օրակարգ հայտարարելու համար: Հարցն այն է, թե արդյոք Ադրբեջանը, որը ցանկանում էր բանակցությունները սկսել «դատարկ էջից» եւ հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, այդ թվում՝ Թուրքիայի հետ դաշինքի ամրապնդման հետեւանքով, պատրաստ է երկխոսություն վարել»,- հայտարարեց Տարասովը:

Ինչ վերաբերում է Հայաստանին ռուսական զենք մատակարարելու վերաբերյալ Բաքվի քննադատություններին, քաղաքագետը նշեց, որ դա կարող է կապված լինել Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայության ակտիվացման վերաբերյալ ռուսական հետախուզության տվյալների եւ հավասարակշռությունը վերականգնելու որոշման հետ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար՝ առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Սյունիքի սահմանի երկարությունը 60-70 կիլոմետրով ավելացել է
Մեղրու մի կողմն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուս կողմից Նախիջեւանի հետ սահման ունենք՝ 70 կիլոմետր...
Զատուլինը պարզաբանեց, թե կարող է արդյոք հայկական կողմին այժմ ձեռնտու լինել ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծումը
Տարօրինակ կլիներ հիմա մտածել, որ այս ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, կդրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը․․․
Զատուլինը գնահատել է Արցախի ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձեւի ընդունման հետեւանքները
Ֆրանսիան դրանով ցույց է տալիս իր վերաբերմունքն ու համակրանքը հայկական կողմի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ․․․
Բաց նամակ Մինսկի խմբի եռանախագահներին
Թե 1991 թվականին, թե 2016-ին, թե 2020-ին ագրեսիան ձեռնարկել է Ադրբեջանը…
«Ժողովուրդ». 50 միլիա՞րդ, թե՞ Զանգեզուր. Նիկոլ Փաշինյանի հանելուկը
Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման...
«Հրապարակ». Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ
Ներկաները խիստ վրդովվել են այս խոսքերից, չեն հավատացել նրան եւ նախարարի երեսին ծանր մեղադրանքներ են շպրտել...