News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Սուտ կլինի ասել, որ թե՛ պարոն Խունդկարյանի, թե՛ պարոն Վաղարշյանի և թե՛ պարոն Շաթիրյանի դեպքում չեն կարող լինել որոշակի հարցեր, բոլորի դեպքում էլ կարող են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի 3 դատավորների թեկնածուների ընտրությանը։

«Ի վերջո՝ հետհեղափոխական շրջանում, երբ մենք խոսում ենք 40-ամյա անձանց մասին, որոնք ունեն 15 տարվա աշխատանքային փորձ, դժվար թե հնարավորություն ունեցած լիներ ինչ-որ մեկն իր կենսագրությունն այնպես կառուցել, որ որևցիե մեկի մոտ որևէ հարց չառաջանա։ Ստեղծված պայմաններում էդ թեկնածուների ներկայացմամբ, հարցերի՝ իրենց պատասխաններով, նաև ֆրակցիայում նրանցից երկուսի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երեկ ԱԺ-ում պարոն Վաղարշյանի անկեղծ և անմիջական ելույթը հաշվի առնելով, մենք կարծեցինք, որ իրենց պետք է հավանություն տանք»,- ասաց պարոն Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե խորհրդարանում երեկ ՀՀ նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանին իշխող ուժի պատգամավորները հարցեր էին ուղղում, թե ինչո՞ւ համաձայնեց երկրորդ անգամ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրվել, եթե արդեն մեկ անգամ նույն խորհրադարանից մերժվել էր, Սուրեն Գրիգորյանը նշում է, թե լրագրողներն իրենց ասածներից ավելի շատ բան են եզրակացնում, քան իրականում կա։

«Ասում են՝ կոշտ հարց տվեցին, ուրեմն էս մարդուն չեն ընտրելու, մյուսին կոշտ հարց չտվեցին, ուրեմն ընտրելու են, դա բացարձակապես այդպես չէ, որովհետև եթե կոշտ հարց է տրվում, բայց հարցին տալիս են լավ պատասխան, դա թեկնածուի նկատմամբ ձևավորում է դրական վերաբերմունք»,- նկատեց իշխող ուժի պատգամավորը։

Սուրեն Գրիգորյանը գոհ է ՍԴ դատավորների թափուր պաշտոններում առաջադրված 3 թեկնածուների քվեարկության արդյունքներից։

Մեր հարցին, թե ինչո՞ւ նախընտրեցին Երվանդ Խունդկարյանին ընտրել, իսկ օրինակ, Վահրամ Ավետիսյանը ստիպված եղավ դուրս գալ գործընթացից, որովհետև տպավորություն էր ստացել, որ «Իմ քայլի» կողմից բավարար ձայն չի ստանա, մինչդեռ երկու թեկնածուներն էլ միանշանակ չէին ընդունվել հասարակության որոշ շրջանակներում, Սուրեն Գրիգորյանն ասաց, թե նախ կոռեկտ չի համարում, որ վերջիններիս իրար հետ են դիտարկում, որովհետև Վահրամ Ավետիսյանին առաջադրել էր կառավարությունը, իսկ Երվանդ Խունդկարյանին՝ Դատավորների ընդհանուր ժողովը։

«Ցանկացած մարդ, որ գալիս է դատական իշխանությունից և ունի այնքան փորձ, որքան նախատեսված է Սահմանադրությամբ, զուտ այդ փաստով կարող է հնչել քննադատություն, որ դուք նախկին կադրին դարձրեցիք դատավոր։ Քանի որ Դատավորների ընդհանուր ժողովը բացառապես կարող է առաջադրել դատավորի, թույլ տվեք ասել, որ այդ քննադատությունը 99 % լինելու է։ Միևնույն ժամանակ ասեմ, որ իշխանություն պետք է լինի այնպիսի ուժ, որը չի վախենում և կամք ունի կայացնել որոշումներ, որոնք անգամ առաջին հայացքից պոպուլյար չեն»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հեղափոխությունից հետո շարունակեն բաժանարար գծեր տանել՝ պառակտված հասարակություն կունենանք, ինչին ինքը կողմ չէ։

«Շատ կուզեի, որ այնպիսի դատական իշխանություն ունենայինք, որից եկած թեկնածուի վերաբերյալ որևէ հարց չէր առաջանա, ցավոք, հիմա եղելությունն այդպիսին է։ Կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է շանս ունենան՝ իրենց աշխատանքով ապացուցելու, որ եթե անգամ նախկինում ինչ-որ գործողություն են արել, որն այդքան էլ միանշանակ չեն ընդունվել հասարակության մեջ, այսուհետեւ այդ էջը փակված է»,- ասաց նա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ եզրակացությունը Սուրեն Գրիգորյանն ի գիտություն է ընդունել, ասում է՝ դա խորհրդատվական բնույթ ուներ։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ այս ընտրությունից հետո ՍԴ-ի նկատմամբ վստահություն չի ձևավորվի, մինչդեռ իշխող ուժը պնդում էր, որ ՍԴ-ն չի վայելում հանրության վստահությունը, ՍԴ-ում ճգնաժամ կա, և իրենք նախաձեռնում են Սահմանադրական փոփոխություններ, պատգամավորն արձագանքում է․

«Չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի և առհասարակ դատարանների նկատմամբ վստահությունը ձևավորվում է զուտ անձանցով։ Կարծում եմ, որ այդ վստահությունը ձևավորվում է գործունեությամբ։ Իրենք պետք է իրենց աշխատածով ցույց տան հանրությանը, թե ինչպիսի վերաբերմունք պիտի ունենանք այս դեպքում ՍԴ-ի նկատմամբ, և այլ դեպքերում դատական իշխանության նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ