News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ​​աշխարհը կլիմայի ճգնաժամին վերաբերվի այնպես, ինչպես COVID-19-ի համավարակին, ապա պետք է սպասել ամենավատը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստին, հայտնում է Reuters-ը:

Ըստ նրա` կորոնավիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, քանի որ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 1 միլիոնի, մինչդեռ վարակվել է ավելի քան 30 միլիոն: Նա դրանում մեղադրել է «գլոբալ պատրաստակամության, համագործակցության, միասնության եւ սոլիդարության բացակայությանը»: «Համավարակը միջազգային համագործակցության հստակ փորձություն է` փորձություն, որը մենք, ըստ էության, ձախողեցինք»,- ասել է նա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, չնշելով կոնկրետ երկրներ, ասել է, որ համավարակը սրել է տարաձայնությունները պետությունների միջեւ: «Մենք տեսնում ենք, որ առանձին երկրներ ստեղծված իրավիճակը փորձում են օգտագործել իրենց նեղ շահերն առաջ տանելու համար` անցանկալի կառավարությունների կամ աշխարհաքաղաքական մրցակիցների հետ հաշիվները մաքրելու համար»,- ասել է նա:

Չինաստանի գլխավոր դիվանագետ Վան Ին ավելի լավ համակարգման եւ համագործակցության կոչ է արել հիմնական տերությունների միջեւ: «Խոշոր երկրները պարտավոր են մարդկության ապագան դնել առաջին տեղում, հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից եւ գաղափարական կանխակալությունից եւ միավորվել գործընկերության ոգով` դժվարությունները հաղթահարելու համար»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նոյեմբերի 3-ին պայքար է սպասվում վերընտրվելու համար, քանի որ Միացյալ Նահանգները գործ ունեն կորոնավիրուսից մահվան եւ վարակման դեպքերի աշխարհի ամենաբարձր ցուցանիշների հետ: Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է թափանցիկության բացակայության մեջ, ինչը, դրա խոսքով, ավելի է սրել բռնկումը: Չինաստանը հերքում է ԱՄՆ-ի պնդումները:

Մինչդեռ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Քելի Քրաֆթը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները Չինաստանին` կոչ անելով ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել Չինաստանին:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ցզյունը հերքել է նրա մեղադրանքները. «Բավական է: Դուք արդեն բավականաչափ խնդիրներ եք ստեղծել աշխարհի համար... Միացյալ Նահանգները պետք է հասկանան, որ ուրիշներին  մեղադրելով սեփական խնդիրներդ չես լուծի»:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, կարծես, նույնպես հարված է հասցրել Միացյալ Նահանգներին` նշելով, որ համավարակը չպետք է օգտագործվի «վերջին տասնամյակների ընթացքում գենդերային հավասարության համար ֆեմինիստական ​​շարժումների կատարած ամբողջ աշխատանքը» խաթարելու համար: «Մենք պետք է զգոն լինենք, պետք է զգոն լինենք` հատկապես երբ խոսքը սեռական վերարտադրողական իրավունքների մասին է»,- ասել է նա Անվտանգության խորհրդին:

Թրամփի վարչակազմը Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ էր հանդես եկել կանանց համար սեռական եւ վերարտադրողական առողջության իրավունքների եւ ծառայությունների խթանմանը, քանի որ դա «աբորտի օրենսգիրք» է համարում: Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն դեմ էր քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից կորոնավիրուսի համավարակի մասին բանաձեւին, մասամբ այն պատճառով, որ բանաձեւն այդպիսի ձեւակերպումներ էր պարունակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ