ԵՄ արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարը պահպանելու համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք լսել ենք Ֆրանսիայի արտգործնախարարին՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունները դադարեցնելու եւ բանակցություններին վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ նախարարները քննարկել են հրադադարի ռեժիմը պահպանելու համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին: «Մենք ընդգծեցինք հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը, ընդգծվեց նաեւ, որ տարածաշրջանային բոլոր դերակատարները պետք է ջանք գործադրեն առճակատումը դադարեցնելու եւ բանակցությունները հեշտացնելու համար»,- ասել է Բորելը: