News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կփորձի իր ներդրումն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաջորդ օրն այն բանից հետո, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնեցին անհրաժեշտության դեպքում հանդիպել Մոսկվայում, Երեւանում եւ Բաքվում պատմեցին երկու դիվանագիտական ​​գերատեսչությունների ղեկավարների` Վաշինգտոն կատարելիք այցերի մասին: Ուրբաթ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Ջեյհուն Բայրամովը հերթով հանդիպելու են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նախագահական ընտրությունների նախաշեմին Սպիտակ տունը փորձում է խաղալ «Ղարաբաղի խաղաքարտով»` Դոնալդ Թրամփին որպես արդյունավետ խաղաղարար ներկայացնելով: Սակայն հաջողության հասնելը չափազանց դժվար կլինի, գրում է «Կոմերսանտ»-ը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան երեքշաբթի հայտարարել էր, որ արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 23-ին մեկնելու է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այնտեղ, ըստ տիկին Աբդուլլաեւայի, նախատեսվում է նախարար Բայրամովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը հաստատել է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հոկտեմբերի 23-ին կլինի Վաշինգտոնում: Եվ նա եւս նախատեսում է հանդիպել Մայք Պոմպեոյի հետ:

Նախօրեին Politico ամսագիրը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրները, ասել էր, որ պետքարտուղար Պոմպեոյի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների պլանավորված շփումը ձեւաչափով տարբերվում է երկու նախարարների մոսկովյան հանդիպումից, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-10-ը եռակողմ ձեւաչափով` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Բանակցությունների ամերիկյան սցենարի համաձայն` ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին շփվել: Նախ նա կընդունի Ջեյհուն  Բայրամովին, ինչից հետո կզրուցի Զոհրաբ Մնացականյանի հետ:

Վաշինգտոնում հավատարմագրված երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներն արդեն ակտիվորեն մեկնաբանում են ապագա բանակցությունները: Ինչպես հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, Բաքուն չի բացառում նաեւ երկու նախարարների հանդիպման հնարավորությունը Վաշինգտոնում գտնվելու ընթացքում` հաշվի առնելով, որ իրենց նախորդ շփումը դեռ որեւէ գործնական արդյունք չի բերել: «Մենք առարկայական զրույց ենք ուզում,- ասել է Էլին Սուլեյմանովը:- Մենք այս հակամարտության` փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չենք տեսնում»,- առաջիկա դիվանագիտական ​​փուլին իր գնահատականն է տվել Վաշինգտոնում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ընդ որում, հայ դիվանագետը երախտագիտություն է հայտնել պարոն Պոմպեոյին` Թուրքիային ուղղված քննադատության համար, որին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը մեղադրել էր Ադրբեջանին բացահայտ աջակցելու մեջ:

Հակամարտության առաջին օրերից ԱՄՆ-ն կողմերին կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել խաղաղ բանակցությունները: Ընդ որում, ի տարբերություն Մոսկվայի, որը շարունակում է հավասարաչափություն պահպանել, Վաշինգտոնը դիրքորոշում է որդեգրել, որն առավելապես բխում է հայկական կողմի շահերից: Մինչ Սերգեյ Լավրովը, չնայած Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Մոսկվայում ծագող հարցերին, կոշտ հարձակումներ թույլ չի տալիս Անկարայի հասցեին, պետքարտուղար Պոմպեոն ՆԱՏՕ-ի դաշնակցին մեղադրել է ղարաբաղյան հակամարտությունը հրահրելու մեջ: «Այժմ մենք ունենք թուրքեր, որոնք միջամտել եւ ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին` ավելացնելով ռիսկը եւ մեծացնելով դրա կրակային ուժը շարունակվող պատմական ճակատամարտում»,- ասել էր Մայք Պոմպեոն Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում: «Այս հակամարտության կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների եւ խաղաղ քննարկումների, այլ ոչ թե զինված բախումների միջոցով: Եվ, իհարկե` ոչ երրորդ երկրների մասնակցությամբ, որոնք կգան` իրենց կրակային ուժը տրամադրելու համար, այնտեղ, որտեղ իրավիճակն արդեն վառոդի տակառ է դարձել»,- նշել էր պարոն Պոմպեոն:

Վաշինգտոնում բանակցությունների մասին տեղեկատվությունը հնչեցվեց հաջորդ օրն այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՏԱՍՍ-ի լրագրողներին տված հարցազրույցում պատմեցին իրենց պատրաստակամության մասին` եթե նման առաջարկ լինի, գալ Մոսկվա Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Մինչդեռ, չնայած ԱՄՆ-ում հանդիպումը խաղաղ գործընթաց սկսելու այլընտրանքային փորձ կդառնա, Մոսկվան արդեն հասկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները միմյանց հետ չեն մրցում, այլ լրացնում են միմյանց: «Մենք քիչ նման իրադարձություններ ունենք, որտեղ ամերիկյան եւ ռուսական դիրքորոշումները կհամընկնեին: Մենք կողմերին զսպվածության, առաջին հերթին հրադադարի ռեժիմի, ամբողջ խոսակցությունը դիվանագիտական հուն տեղափոխելու կոչ ենք արել: Դա իսկապես այդպես է, մենք ունենք որոշ նրբերանգներ, բայց սկզբունքորեն մենք աջակցում ենք գործընթացին, որը պետք է կողմերին խաղաղ ռելսերի վրա դնի»,- «Առաջին ալիք»-ի եթերում ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը` մատնանշելով, որ իր համար իրավիճակը «հաճելի անակնկալ դարձավ»:

Միեւնույն ժամանակ, իր վրա ուշադրություն է հրավիրվում նաեւ այն փաստը, որ ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը ղարաբաղյան թրեքի վրա տեղի է ունենում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ, որին իր դեմոկրատ հակառակորդ Ջո Բայդենից զգալիորեն հետ մնացող Դոնալդ Թրամփն ակնկալում է վերջին պահին հաղթանակ կորզել: Այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Վաշինգտոն հրավերը պատահականություն չէ, հաստատում է Դոնալդ Թրամփի հայտարարությունը Կարլսոն սիթի քաղաքում (Նեւադա) տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Կարլսոն սիթի քաղաքում Սպիտակ տան ղեկավարն իր նախագահության ընթացքում առաջին անգամ խոսեց հայերի հանդեպ իր խորին համակրանքի մասին, ինչպես նաեւ ակնարկեց նրանց օգնելու պատրաստակամության մասին: «Դուք հոգով ուժեղ եք: Հայաստանից մարդիկ հավատարմության ուժեղ զգացում ունեն իրենց երկրի նկատմամբ: Նրանք հիանալի գործարարներ են` լատինաամերիկացիների հետ միասին: Մենք ինչ-որ բան ենք անում: Ես զսպում եմ ահաբեկիչներին»,- հայտարարել էր պարոն Թրամփը` ամենաինտրիգային պահին ընդհատելով իր հայտարարությունը: Թե կոնկրետ ինչ է ԱՄՆ-ն անում «ահաբեկիչներին» զսպել օգնելու համար, Սպիտակ տան ղեկավարը չպարզաբանեց:

«Անկախ նրանից, թե ինչի մասին են վկայում հարցումները` բոլորը հասկանում են, որ պայքարն ընտրություններին կշարունակվի մինչեւ վերջ: Այս իրավիճակում Դոնալդ Թրամփը փորձում է գործարկել բոլոր լծակները եւ օգտագործել բոլոր տեղեկատվական առիթները` իր օգտին կշեռքը թեքելու համար` որպես արդյունավետ խաղաղարար ներկայանալով, որը պնդում է ԱՄՆ առաջնորդությունը միջազգային կոնֆլիկտների լուծման հարցում»,- «Կոմերսանտ»-ին ասել է Ֆրանկլին Ռուզվելտի անվան հետազոտական ​​հիմնադրամի (ՄՊՀ) տնօրեն Յուրի Ռոգուլեւը: Փորձագետի կարծիքով` հայկական սփյուռքն իր ձայներով չի կարող էականորեն ազդել Սպիտակ տան համար ճակատամարտի արդյունքի վրա, ավելին` դրա զգալի մասը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, որտեղ դեմոկրատ թեկնածուներն ավանդաբար կայուն առավելություն ունեն:

«Միեւնույն ժամանակ, հայկական սփյուռքի ներկայացուցիչները, որոնց մեջ կան շոու բիզնեսի բազմաթիվ աստղեր եւ «փափուկ ուժի» այլ կրողներ, կարող են օգնել ոչ միայն Դոնալդ Թրամփին, այլեւ` ընդհանրապես հանրապետականներին: Չէ որ նոյեմբերի 3-ին Ամերիկան ​վերընտրելու է նաեւ Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին` Սենատի երրորդ մասին, 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերին,- հիշեցրել է Յուրի Ռոգուլեւը:- Հաշվի առնելով դա` Դոնալդ Թրամփը փորձում է մինչեւ ընտրությունները մնացած ժամանակում խողալ բոլոր խաղաքարտերով, այդ թվում ` ղարաբաղյան` դեմոկրատական ռեվանշը թույլ չտալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ