ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ապատեղեկատվություն է որակում ընդդիմադիր խմբակցությունների անդամների որոշ հայտարարություններ։

«Ստորագրված հայտարարության մեջ որեւէ հղում չկա Մեղրիին, կամ Սյունիքի մարզին, կամ էլ որեւէ էստակադայի մասին, առավել եւս թուրքական եւ ադրբեջանական դրոշներով։ Պատերազմի ժամանակ չի եղել որեւէ պահ, երբ հնարավոր է եղել պատերազմը կանգնեցնել աելի լավ պայմաններով եւ դա չի արվել։ Սրանք ապատեղեկատվություններ են»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը, ում ընդդիմադիրները հակադարձեցին, ասելով, թե եղել է։

Ռուբեն Ռուբինյանը ընդդիմադիր պատգամավորներին մեղադրեց ժողովրդի ցավի կապիտալիզացիայով զբաղվելու մեջ։ Այս արտահայտությունը դուր չեկավ ընդդիմադիրներին, տեղից արձագանքեց ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը։

«Էդ ի՞նչ ես խոսում»։

«Հանգիստ, հանգիստ»,- ի պատասխան բղավեց Ռուբեն Ռուբինյանը, ապա շարունակեց․

«Ես մտածում էի՝ ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում խոսել ներկայի պրոբլեմների եւ ապագայում դրանք լուծելու մասին, ինչո՞ւ ենք մենք անդադար խոսում եւ աղ լցնում մեր վերքերի վրա՝ Շուշիի կորստի հետ կապված։ Ինչո՞ւ չի ստացվում էդ խոսակցությունը, մի՞թե, օրինակ՝ ինքս չեմ ընդունում էդ պատասխանատվությունը, եկեք սկսենք այդ խոսակցությունը, ես ընդունում եմ իմ պատասխանատվությունը վերջին երկուսուկես, վերջին 30 տարիների պարտությունների համար, բոլոր հաղթանակների համար պատասխանատուն դուք եք»։ 

Ռուբեն Ռուբինյանը շարունակեց ելույթը, հարց հնչեցնելով, թե ընդդիմադիրներին չի հետաքրքրում, թե ինչո՞ւ ժողովուրդը չի գնում նրանց կազմակերպած հանրահավաքներիին, որովհետեւ նրանք չենք խոսում խնդիրների ու ապագայի մասին։ ԲՀԿ-ականները կրկին հակադարձեցին։