News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անկարան եւ Բաքուն պատրաստվում են Թուրքիայի Կարս քաղաքում անցկացվելիք «Ձմեռ 2021» զորավարժություններին, որոնք կկայանան փետրվարի 1-12-ին, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: «Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցությունն ու համակարգումը համատեղ գործողությունների անցկացման ժամանակ»,-հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

Ակնկալվում է, որ զորավարժություններին կներգրավվեն հատուկջոկատայիններ, դիպուկահար թիմեր, տանկային վաշտեր, ուղղաթիռներ:

Փորձագետներն արդեն ուշադրություն են դարձրել նրան, որ տակտիկական օդադեսանտային զորքերի իջեցումը, որը պետք է մշակվի առաջիկա զորավարժությունների ընթացքում, ռազմական գործողությունների համեմատաբար նոր տարր է, որը Թուրքիան եւ Ադրբեջանը չեն օգտագործել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում 2020 թվականի աշնանը:

Չկա գուշակելու անհրաժեշտություն, թե մանեւրների ժամանակ ում են Թուրքիան եւ Ադրբեջանը հակառակորդ համարում: Ադրբեջանական ուժերի՝ Կարս ժամանելուց անմիջապես հետո Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Մենք հպարտ ենք ողջունելու մեր եղբայրներին, որոնք մեծ հաղթանակ են տարել Ղարաբաղում հայկական բանակի նկատմամբ»: Իսկ դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը խոսեցին Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին եւ պնդեցին. «Եթե ԼՂ հարցով պայմանավորվածությունները խախտվեն, մենք կարող ենք անհապաղ անցում կատարել  հակամարտության՝ ռազմական տարբերակով կարգավորմանը»: Կարս քաղաքը, որը ժամանակին եղել է Ռուսական կայսրության կազմում, այժմ գտնվում է Հայաստանի հետ սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա: Քաղաքը Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու խոշոր տրանսպորտային հանգույցն է եղել: Գյումրիում այժմ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան:

1993 թվականից ճանապարհը չի աշխատում՝ հիշեցնում է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Շամիլ Գարեեւը, ում խոսքով՝ 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման մասին հայտարարություն է ստորագրվել: Նրա տվյալներով՝ Կարսում այսօր տեղակայված է Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված բրիգադը: 

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի արդյունքներով «ներկայիս աշխարհաքաղաքական վիճակն իրեն ձեռնտու չէ»: Հատկապես հիշարժան են Ալիեւի խոսքերը, թե «Սյունիքը, Սեւանն ու Երեւանը Ադրբեջանի պատմական հողերն են»:

«Հայաստանի սահմանների մոտ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը շատ տագնապալի գործոն է»,-կարծիք է հայտնել պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը, որը ժամանակին ծառայել է Անդրկովկասում: «Ուզում եմ հուսալ, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան եւ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները զսպող ուժի դրական դեր կխաղան։ Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է եւ ագրեսիայի դեպքում կազմակերպությունում ընդգրկված երկրները օգնության ձեռք կմեկնեն իրենց գործընկերոջը»,-ասել է նա:

Սակայն քիչ հավանական է, որ ՀԱՊԿ երկրներից որեւէ մեկը կկարողանա խանգարել Ադրբեջանի տարածքում թուրքական ուժերի տեղակայմանը: 2020-ի դեկտեմբերի վերջին Թուրքիայի ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ «Հայաստանից ազատագրած տարածքներում Ադրբեջանի ԶՈւ-ի աջակցությամբ աշխատում են ընդհանուր առմամբ 135 մարդուց բաղկացած սակրավորների երկու թիմեր»: Դրանից բացի՝ ԶԼՄ-ները պնդում են, որ Ադրբեջանում, եւ, հավանաբար, Ղարաբաղում կտեղակայվեն թուրք հատուկջոկատայիններ:

2021 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է մեկնել ավելի քան 40 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Թե ինչ է բերվել՝ մնում է առեղծված. թուրքական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների բացման մասին։ Այդ լուրերը պաշտոնապես չեն հաստատվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, սակայն դե ֆակտո հայտնի է, որ ադրբեջանական որոշ օդանավակայաններում դեռեւս անցած տարվանից եղել են թուրքական F-16 կործանիչներ:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ