Ասում եք՝ իշխանությունը սպառել է իրեն, շատ լավ, սպառել ենք մեզ, մենք էլ ասում ենք՝ եկեք գնանք արտահերթ ընտրություններ անենք, տեսնենք, թե ով է սպառել: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին, թե արդյոք վարչապետն իր ղեկավարած թիմը չի պատրստվում հեռանալ, քանի որ սպառել է իրեն:
«Դո՞ւք եք որոշելու, սպառել ենք, թե չենք սպառել: Մենք ասում ենք, դուք չեք որոշում, մենք էլ չենք որոշում, թող որոշի ժողովուրդը: Մենք ասում ենք՝ եկեք միասին նստենք, որոշենք ընտրությունների ժամկետները: Քանի որ դուք մերժեցիք քննարկումները, մենք էլ «Իմ քայլի» հետ քննարկեցինք ու որոշեցինք ռեյտինգային ընտրակարգը ընտրական օրենսգրքից հանել:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու մի ձեւ կա՝ վարչապետը հրաժարական է տալիս, երկու անգամ վարչապետ չի ընտրվում, տեղի է ունենում արտահերթ ընտրություններ: Ես ասում եմ՝ եկեք պայմանավորվենք, թե ինչ ժամկետներում, որ հետո չասեք, թե իշխնական խմբակցությունը ինքն իրենով որոշեց: Հետո չբողոքեք, թե մեզ ինչի չեք հարցրել: Հիմա մենք կորոշենք, որ լինեն արտահերթ ընտրություններ, ուրեմն կլինեն, կորոշենք, որ չեն լինի, ուրեմն չեն լինի:
Հրաժարական եք ասում, մենք էլ ասում ենք՝ շատ լավ, հրաժարական, ուրեմն արտահերթ ընտրություններ: Ասում եք՝ չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ ընդդիմության կողմից օգտագործվող բառապաշարին՝ նշելով. «Դուք ավելի լավ է ձեր քաղաքական խոսույթի մասին մտածեք, ժողովրդի հասցեին ամենավերջին բառերն եք ասում: Հիմա դուք ում դեմ եք՝ կառավարության, թե ժողովրդի: Մեծ հավանականությամբ երկուսի, որովհետեւ այս կռավարությանն ընտրել է ժողովուրդը: Դուք ասում եք՝ չէ, թող ժողովուրդը չընտրի կառավարություն, թող մենք գնանք վրանում նստենք որոշենք, թե ով է ՀՀ կառվարությունը: Վրանով չեն որոշում: Եկեք թուղթ ստորագրենք, որ այս ժամկետում, այս ընտրական օրենսգրքով անում ենք ընտրություններ: Ուրիշ ինչ պայման եք ուզում, եկեք քննարկենք»: