News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափով եւ հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով:

Վարչապետն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ձեւավորված իրավիճակին՝ դրա առնչությամբ կարեւորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի համար կարեւորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը, եւ այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում:

Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ Հայաստանին ու Բելառուսին, երկու ժողովուրդներին շատ բան է միավորում, առկա է սերտ փոխգործակցություն, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ եւ վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար: Բելառուսի դեսպանը կարեւորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը եւ նշել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը: Այդ առումով վարչապետը կարեւորել է առեւտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, խորհրդարանական ինտենսիվ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Երեւան-Մինսկ չվերթի անընդհատ, անխափան աշխատանքը, ինչն ապահովվել է կողմերի սերտ փոխգործակցության շնորհիվ:

Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ