News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի բնակիչների գրեթե երկու երրորդը կրճատել է ծովամթերքի սպառումը այն բանից հետո, երբ Ճապոնիայի իշխանությունները հայտարարեցին վնասված «Ֆուկուսիմա -1» ատոմակայանից աղտոտված ջուրն օվկիանոսը լցնելու մտադրության մասին: Այս մասին են վկայում Կորեայի սպառողների ասոցիացիայի կողմից ապրիլին 20-ից 60 տարեկան 500 մարդու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որը հրապարակվել է երեքշաբթի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Չնայած ռադիոակտիվ ջրի արտանետումը սպասվում է երկու տարի անց, հարցվածների 91.2 տոկոսն արդեն մտահոգված է սննդի անվտանգության հարցով եւ նախատեսում է կրճատել ծովամթերքի օգտագործումը: Հարցվածների 95.2 տոկոսը գնումներ կատարելիս ստուգում է խանութներում ապրանքների ծագման մասին տեղեկատվությունը, իսկ 77.9 տոկոսը դա անում է ռեստորաններում կամ տանը սնունդ պատվիրելիս: Ընդ որում, հարցվածների 63 տոկոսը նշել է, որ արդեն կրճատել է ծովամթերքի սպառումը:

Հարցվածների 69.6 տոկոսը չի վստահում ճապոնական ձկնամթերքի անվտանգության ստուգման ներկայիս համակարգին, իսկ 27.8 տոկոսը կողմ է դրա խստացնելուն, վկայում են հարցման արդյունքները:

Ապրիլի 13-ին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես թույլատրել է «Ֆուկուսիմա -1» վթարային ատոմակայանից զգալի քանակությամբ ջուր լցնել օվկիանոս, որը, ինչպես պնդվում է, հիմնականում ռադիոակտիվ չէ, սակայն շարունակում է տրիթիում (ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ) պարունակել: Արտանետման նախապատրաստման գործընթացը կտեւի մոտ երկու տարի: Ենթադրվում է, որ ջուրը փոքր չափաբաժիններով կթափվի 30 տարի: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) արդեն հայտարարել է, որ վերահսկելու է այս գործընթացը մշտական հիմունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ