News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աբխազիայից երկաթգիծ բացելու մասին հարցը Հայաստանի պատասխանատվության շրջանակից դուրս է. այն ամբողջովին գտնվում է Վրաստանի պատասխանատվության գոտում, քանի որ Աբխազիայի հետ սահմանը միակողմանիորեն փակվել է այդ երկրի իշխանությունների որոշմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ այնքան ֆինանսական կամ տեխնիկական հարթությունում է, այլ աշխարհաքաղաքական է:

«Այո, Ռուսաստանը կարող է կողմ լինել հաղորդակցությունների արգելաբացմանը, սակայն հարցը Վրաստանի տարածքային ամբողջականության մեջ է: Թբիլիսին դիտարկում է Աբխազիայի հետ սահմանը բացելու հարցը հենց այդ համատեքստում: Աբխազիան համարում է Վրաստանի հետ սահմանը՝ որպես միջպետական: Իսկ Վրաստանը պաշտոնապես դիտարկում է այդ սահմանը՝ որպես վարչական: Դա վկայում է, որ իրավիճակը հայտնվել է փակուղու մեջ»,-հավելել է փորձագետը:

Նա հիշեցրել է Ժնեւյան գործընթացի մասին «SGC» շվեյցարական ընկերության ներգրավմամբ Ռուսաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ աբխազական միջանցք բացելու շուրջ, ինչպես նաեւ Հարավային Օսիայից դեպի Վրաստան ավտոճանապարհ բացելու վերաբերյալ, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել:

Հարցը կայանում է նրանում, որ Թբիլիսին զիջել է Մոսկվային Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում անդամակցելու առումով, քանի որ Վրաստանը, լինելով Կազմակերպության անդամ, կարող էր վետո սահմանել ՌԴ-ի մասնակցության համար:

«Ժնեւյան գործընթացը, ըստ էության, օգտագործվել է Մոսկվայի կողմից որպես բանակցային գործիք ԱՀԿ-ին անդամակցելու մասին հարցը լուծելու համար»,-պարզաբանել է Դավթյանը:

Քաղաքագետն ընդգծել է, որ հայկական կողմը միայն կարող է ներգործել Ռուսաստանում, Վրաստանում եւ Աբխազիայում լոբբիստական ինստիտուտների վրա, որպեսզի կարողանա առաջ մղել այդ գործընթացը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ճանապարհին, ապա այն նորմալ է գործում, տեխնիկական խնդիրներ չկան: Քանի որ Հայաստանի երկաթգիծը կառավարվում է ռուսական կոնցեսիոների կողմից, ապա ուղեւորահոսքերի եւ բեռների հոսքերի ներուժը մեծացնելու մտադրության դեպքում այդ հարցը կլուծվի ներդրումային ծրագրի շրջանակում, որը դեռեւս ամբողջովին չի իրագործվել եւ անհրաժեշտության դեպքում  կարող է վերանայվել»,-եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարին Աբխազիայի խորհրդարանը դիմել էր Ռուսաստանի Պետդումա՝ հայտարարելով, որ պատրաստ է հավասար պայմաններում մասնակցել Աբխազիայով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը բացելու նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ