News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ այս երկրի կարգավորիչը կկարողանա շարունակել հետաքննությունը, ինչը կարող է Եվրամիությունից Միացյալ Նահանգներին Facebook-ի տվյալների փոխանցման արգելքի հանգեցնել, հայտնում է CNBC-ն:

Իռլանդիայի՝ տվյալների պաշտպանության հարցերով կոմիսարն օգոստոսին հետաքննությունն էր սկսել եւ նախնական որոշում էր կայացրել, որ այն մեխանիզմը, որը Facebook-ն օգտագործում է ԵՄ-ից օգտատերերի տվյալներն ԱՄՆ-ին փոխանցելու համար, «գործնականում չի կարելի օգտագործել»: Facebook-ը փորձել է վիճարկել որոշման նախնական նախագիծը՝ հայտարարելով, որ այն «կործանարար» եւ «անշրջելի» հետեւանքներով է հղի իր բիզնեսի համար, քանի որ օգտատերերի տվյալների մշակումն օգտագործվում է նպատակային առցանց գովազդների ցուցադրման համար:

Գերագույն դատարանն ուրբաթ մերժել էր հայցը: «Facebook Ireland-ի կողմից պահանջված բոլոր իրավական միջոցները եւ դատավարության ընթացքում դրա կողմից ներկայացված պահանջները մերժվել են»,- ասել է դատարանը: Որոշմանը համաձայն՝ Facebook-ը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել՝ որոշումները կամ հետաքննության ընթացակարգերը վիճարկելու համար:

Գաղտնիության հարցերով ավստրիացի ակտիվիստ Մաքս Շրեմսը, ով կարեւոր դեր է խաղացել՝ տվյալների կարգավորիչին հետաքննություն սկսել ստիպելու հարցում, ասել է, որ այս որոշումն ապահովել է Facebook-ի տվյալների հոսքի կանգնեցման անխուսափելիությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ