News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր ՀԱԿ համագումարին  մեկնաբանել է, թե ինչու է դիմել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին` ընտրություններին «Ազգային համաձայնության դաշինք»-ով մասնակցելու առաջարկով:

«Հարց երրորդ. Ի՞նչ էր նշանակում առաջիկա ընտրություններին ՀՀ երեք նախագահների «Ազգային համաձայնության դաշինք»-ով մասնակցելու առաջարկը, մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ես ունեցել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ:

Պատասխան. Նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ քննարկված հարցն է: Հրապարակ են նետվել հազարումի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ եւ բարոյականության տեսակետից արտահայտված տարակուսանքներ: Սակայն, ըստ էության, քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը: Եւ դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստերում ես տվել եմ նաեւ այդ հանելուկի բանալին: Այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր ՀՀ երեք նախագահների կողմից պետական որեւէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով:

Հարց չորրորդ. Այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

Պատասխան. Իմ կարծիքով, անհրաժեշտ էր ձեւավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ եւ կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։

Հարց հինգերորդ. Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ առանց քննարկման, կտրականապես մերժեց իմ առաջարկը։

Պատասխան. Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով: Սերժ Սարգսյանի պարագան այլ է՝ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում եւ, մասնակցելով ընտրություններին, պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ եւ հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա, թեեւ մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որեւէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ:

Հարց վեցերորդ. Իսկ ինչպե՞ս բացատրել հանրության անկեղծորեն, իսկ քաղաքական շրջանակների կողմից՝ չարամտորեն արտահայտված այն տարակուսանքը, որ ես դաշինքի առաջարկով դիմել եմ Քոչարյանին եւ Սարգսյանին, որոնց հետ ունեցել եմ ոչ միայն տարաձայնություններ եւ հակասություններ, այլեւ կոշտ հակամարտություն:

Պատասխան. Ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձեւավորվում են հենց այն ուժերի միջեւ, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ եւ նույնիսկ միմյանց դեմ մարտնչել քաղաքացիական պատերազմներում: Եթե այս հանգամանքը չլիներ, Ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձեւավորման կարիք չէր լինի: Նման կարիք առաջանում է այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին եւ հանուն պետականության, նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի: Ազգային համաձայնության կառավարությունների առաջին գործը շատ դեպքերում լինում է ընդհանուր համաներման հայտարարումը, ինչի իմաստն այն է, որ գիծ է քաշվում անցյալի ու ներկայի միջեւ՝ դրանով ազդարարելով պետության կայունացման եւ զարգացման նոր հանգրվանի սկիզբը:

Գուցե զարմանալի թվա, եթե ասեմ, որ Ազգային համաձայնության կառավարության ձեւավորման ավանդույթը կիրառվել է նաեւ Հայաստանում: Իրականում այդպիսին էին Հայաստանի Հանրապետության՝ Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունները, որոնց անդամների մեծագույն մասը կոմունիստներ էին, նախկին պետական պաշտոնյաներ: Խորհրդային կոմունիստական իշխանությունների եւ Ղարաբաղյան ու Հայոց համազգային շարժման հակասություններն ու հակամարտությունները շատ ավելի դաժան էին, քան ՀՀ երեք նախագահների միջեւ: Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ: Ինչը եւ ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման եւ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը:

Հարց յոթերորդ. Ի՞նչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունեմ առաջիկա ընտրություններից:

Պատասխան. Առաջին՝ նախեւառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը եւս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո, ես նրան անկեղծորեն ասել եմ, որ ստիպված եմ լինելու պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլեւ իր դեմ։

Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը: Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում՝ կարժանանանք ողջ աշխարհի ծաղրուծանակին:

Հարց ութերորդ. Ի՞սկ ինչով է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը:

Պատասխան. Վտանգավոր է նրանով, որ երկուսից որեւէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլեւ ավելի է սաստկանալու, եւ իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվել, առաջին հերթին, անվտանգության հետ կապված, ինչպես նաեւ երկրի առջեւ կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով: Նույնքան վտանգավոր է նաեւ երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ կոալիցիոն կառավարության ձեւավորումը։ Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն սարսափեցնող ապակայունությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու, եւ մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր եւ տեւական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների: Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը, որն, ի դեպ, մշտապես եղել է Հայ Ազգային Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը հաստատվում է նաեւ մեր երկրի վերջին երեք տարիների սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ եւ կենսունակ է միայն երկու-երեք խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում է մշտական ցնցումների եւ կառավարական ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ, կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետեւաբար, անթույլատրելի է։ Դրան պետք է անդրադառնալ մեկ-երկու տարի անց, երկրի կայունության ապահովումից եւ ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։

Հարց իններորդ. Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է, արդյո՞ք, առաջիկա ընտրություններին։

Պատասխան. Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ