News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել մոբիլիզացնել բանակը՝ Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող ինքնավար Սեուտա քաղաք մեծ թվով անօրինական միգրանտների ժամանման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Europa Press-ը:

Դրա տվյալներով՝ ավելի քան 5 հազար մարդ, որից շուրջ 1.5 հազարն անչափահաս են, մեկ օրում Մարոկկոյից լողալով մուտք են գործել Սեուտա: Օրվա ընթացքում ժամանած միգրանտների նման թիվը ռեկորդային ցուցանիշ էր Իսպանիայի համար: Արդյունքում, Պիրենեյան թագավորության իշխանությունները որոշել են մոբիլիզացնել բանակը՝ ներկայիս իրավիճակի ֆոնին ինքնավար քաղաքում կառավարական պատվիրակությանն աջակցելու համար:

Նաեւ որոշում է կայացվել ուժեղացնել քաղաքացիական գվարդիայի եւ ոստիկանության աշխատակիցների ներկայությունն անօրինական ներգաղթյալների ժամանման գոտում: Ըստ որոշ գնահատականների՝ Մարոկկոյից Սեուտա մտած միգրանտների թիվը կարող է մոտենալ 9 հազարի:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի իշխանությունները շուրջ 1.5 հազար միգրանտի վերադարձրել են Մարոկկո: Այս մասին երեքշաբթի 24 Oras հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի ՆԳ նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան:

«Մենք ճշգրիտ տվյալներ չունենք [քանի անօրինական ներգաղթյալ է ժամանել Սեուտա մեկ օրում], բայց մոտ 6 հազարից մինչ այժմ մենք վերադարձրել ենք 1.5 հազար մարդու»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն վերադարձնել միգրանտներին, ովքեր ապօրինի մուտք են գործել Իսպանիայի ինքնավար քաղաքի տարածք, քանի դեռ նրանք լիովին չեն կարգավորել իրավիճակը:

Ապօրինի ներգաղթյալների հոսքը դեպի իսպանական քաղաք տեղի է ունեցել Մադրիդի եւ Ռաբատի միջեւ դիվանագիտական լարվածության ֆոնին: Ապրիլին հայտնի դարձավ, որ POLISARIO ճակատի գլխավոր քարտուղարը (Սեգիետ էլ-Համրայի եւ Ռիո դե Օրոյի ազատագրման ժողովրդական ճակատ, հանդես է գալիս Մարոկկոյից Արեւմտյան Սահարայի անկախության օգտին) գտնվում է Իսպանիայի հիվանդանոցներից մեկում՝ COVID-ից բուժման համար: Մարոկոյի իշխանությունները Իսպանիային նախազգուշացրել են այդ իրավիճակի պատճառով հնարավոր հետեւանքների մասին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ