News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ աշխարհաքաղաքական հակասությունների ի հայտ գալը խնդիրներ է ստեղծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա դաշնակիցների համար: Այս մասին American Conservative-ի իր հոդվածում գրում է ամերիկացի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարների նախկին ավագ խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը:

«... Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հաշիվները այդպես էլ չեն մաքրվել: Սակայն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին շփումները Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում շատերը ողջունեցին որպես Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամանքի պատմական մոդելի խախտում:

Պուտինը լսեց, երբ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին ասաց, որ «Թուրքիան չափազանց մեծ է եւ չափազանց ազդեցիկ, որպեսզի հանձնվի մեկ առանցքի»: Պուտինը նվազեցրեց այն բանի նշանակությունը, որ Թուրքիան ռուսական ինքնաթիռ խոցեց Սիրիայում եւ համառորեն պահանջում էր, որ Թուրքիան ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնի իրենից: Երբ Պուտինը իր հատուկ ծառայություններից տեղեկացավ նախագահ Էրդողանին տապալելու ծրագրի մասին, տեղեկացրեց նրան այդ մասին:

Պուտինի միջամտությունը սիրիական պատերազմին` քրիստոնյաներին եւ այլ կրոնական փոքրամասնություններին, ներառյալ շիաներին եւ դրուզներին պաշտպանելու համար, խորտակեց Սիրիան Թուրքիայի պաշտպանության ներքո սուննի իսլամիստական պետության վերածելու Էրդողանի հույսերը: Պուտինը ամեն ինչ արեց, որ օգնի Էրդողանին փրկել դեմքը Սիրիայում՝ առաջարկելով վերահսկողություն հաստատել Հյուսիսային Սիրիայում: Բայց ռազմավարական արդյունքը Անկարայի հետ տեղական պայքարը վերածեց աշխարհաքաղաքական մրցակցության, որը շատ է հիշեցնում Օսմանյան կայսրության եւ ցարական Ռուսաստանի ու Արեւմուտքի դարավոր հակամարտությունը:

Կովկասում, Բալկաններում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները փակում են Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համագործակցության հնարավորությունների դաշտը: Ադրբեջանին սատարելու համար Անկարայի հաջող միջամտությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում վատթարացրեց հարաբերությունները: Հայաստանի նվաստացումը կարող է սասանել Մոսկվայի մյուս դաշնակիցների վճռականությունը:

Ավելի կարեւոր է, որ թուրք-մահմեդական Կենտրոնական Ասիայում եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում միլիոնավոր թյուրք թաթարներ, որոնք խոսում են նույն լեզվով, ինչ Անկարայի փողոցներում, վախենում են թուրքական զենքի հաջողությունից: Ավելին,  Ադրբեջանն այժմ բացահայտորեն դաշնակից է Թուրքիային, եւ չնայած դա չանելու խոստումներին, իր տարածքում տեղակայում է թուրքական ռազմական ուժեր: Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի քրիստոնյաներին Ռուսաստանի աջակցության գինը, հավանաբար, էլ ավելի կբարձրանա:

Կովկասում Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու Էրդողանի ցանկությունը նրան դրդել է ուկրաինական կառավարության հետ համաձայնագիր կնքել` ուղղված թուրք-ուկրաինական պաշտպանական համագործակցության խորացմանը: Ռուսաստանի հմուտ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղրիմի դեմ Ուկրաինայի «ագրեսիվ» գործողությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությանը: «Հուսով ենք,- ասել է Լավրովը,- Անկարան կուղղի իր գիծը՝ ելնելով մեր օրինական մտահոգություններից»: Հույսը մեթոդ չէ:

Մոսկվային կարող է մտահոգել նաեւ այն, որ Կիեւը Անկարային գաղտնի երաշխիքներ է տրամադրել, որ Թուրքիայի աջակցության դիմաց Ուկրաինան Ղրիմը կվերադարձնի մահմեդական թաթարներին: Պուտինի շնորհիվ Իսրայելը լավ հարաբերություններ է զարգացրել Ռուսաստանի հետ, բայց Գազայում վերջերս տեղի ունեցած ճգնաժամից հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հրապարակավ պնդեց, որ Իսրայելը դադարեցնի պաղեստինյան տարածքներում բնակավայրերի բոլոր գործողությունները:

Սպասվում է, որ հաջորդ ամիս Բայդենը եւ Պուտինը կհանդիպեն Շվեյցարիայում: Հանդիպման հայտարարված նպատակը «ռուս-ամերիկյան հարաբերությունների, ռազմավարական կայունության խնդիրների եւ միջազգային օրակարգի արդիական խնդիրների քննարկումն է»:

Էրդողանի քննադատողների կարծիքով, թուրք ազգի վերաբերյալ Էրդողանի ռազմավարական տեսլականն այն է, որ համաշխարհային բեմում ճանաչվի որպես գլոբալ տերություն: Սա նշանակում է, որ Թուրքիան պետք է դառնա բալկանյան տերություն, միջերկրածովյան տերություն, միջինարեւելյան տերություն, հյուսիսաֆրիկյան եւ նույնիսկ սահմանափակ աֆրիկյան տերություն, կովկասյան տերություն, կենտրոնասիական տերություն, եվրասիական տերություն եւ հատկապես մահմեդական տերություն:

Եթե Բայդենը հարցներ Պուտինին, թե որտեղ է հայտնվելու սուննի իսլամիստական հաջորդ խալիֆայությունը, Պուտինը, ամենայն հավանականությամբ, կասեր նրան. «Այն արդեն գոյություն ունի: Դա Թուրքիան է՝ իմ գիշերային մղձավանջը»»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ