News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Հունիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ գագաթաժողովը։ Այս անգամ դաշինքի անդամները որոշել են չհրավիրել դաշինքին մասնակցել հավակնող երկրներին՝ Վրաստանին եւ Ուկրաինային։ Չնայած դրան՝ Հյուսիսատլանտյան դաշինքում հավաստիացրել են Կիեւին եւ Թբիլիսիին, որ մերձենալու նրանց շանսերը պահպանվում են։ Այս հայտարարությունների ֆոնին տեղի է ունենում Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի այցը Հարավային Կովկասի երկրներ։ Այն մասին, թե ինչու է Վաշինգտոնը նորից հետաքրքրվում այս տարածաշրջանով, գրում է «Իզվեստիա» թերթը, որի հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

«Վրաստանը մնում է ԱՄՆ գլխավոր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում եւ կարեւորագույն գործընկերը Սեւծովյան տարածաշրջանում։ Իմ այցն այդ երկիր ուղղված է Վրաստանի՝ որպես անվտանգ եւ դեմոկրատական երկրի հետագա զարգացման ապահովմանը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, որը Թբիլիսի այցով սկսել է շրջագայությունը Հարավային Կովկասով, եւ որը կընթանա հունիսի 6-13-ը։

Մինչ այդ Վրաստան էին եկել երկու սենատորներ՝ Ջին Շեյհինը դեմոկրատներից եւ հանրապետական Ռոբ Փորթմանը։ Իրենց ելույթներում նրանք մեծ ուշադրություն հատկացրին «Մոսկվային զսպելու անհրաժեշտությանը»։ «Հիմա ավելի քան երբեւէ ԱՄՆ-ին եւ մեր դաշնակիցներին հարկավոր է հանդես գալ միասնական ճակատով ընդդեմ ռուսական ագրեսիայի»,- նշել են քաղաքական գործիչները Թբիլիսի կատարած այցի ժամանակ։

Վրաստանից հետո Ֆիլիպ Ռիքերն ուղեւորվել է Ադրբեջան եւ Հայաստան։ Սկզբում նա թռել է Բաքու, որտեղ բանակցություններ է վարել նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նրանք քննարկել են էներգետիկայի, մարդու իրավունքների հարցերը, ինչպես նաեւ անվտանգությունը տարածաշրջանում եւ տնտեսական փոխհարաբերությունները։ Ամերիկյան պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ը Ադրբեջանը համարում է ռազմավարական գործընկեր։ Դիվանագետները հատուկ ուշադրություն են հատկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը՝ երկու կողմերին կոչ անելով «որքան հնարավոր է շուտ սկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ լուծման համար»։

Նույն հարցերը ամերիկացի դիվանագետը քննարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռիքերը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է գործընկերային հարաբերություններ զարգացնել Երեւանի հետ, խոսել է ամերիկյան իշխանությունների պատրաստակամության մասին՝ օգնել հանրապետությանը բարեփոխումների իրականացման հարցում, ինչպես նաեւ բարձր է գնահատել երկրում «դեմոկրատիայի զարգացմանն ուղղված գործընթացները»։

Ներկա իրավիճակում չի բացառվում, որ ամերիկյան պատվիրակության Թբիլիսի կատարած այցի նպատակներից մեկը կարող էր դառնալ Վրաստանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռազմավարական նախաձեռնությանը ներգրավելու փորձը։ Անցած տարվա դեկտեմբերին, այցով Բաքվում գտնվելիս, նա առաջարկել էր Հարավային Կովկասում ստեղծել վեցակողմ պլատֆորմ պետությունների միջեւ համագործակցության զարգացման համար, որին կմասնակցեին Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը, եւ եթե համաձայնի՝ Հայաստանը։

«Ւզվեստիայի» կողմից հարցման ենթարկված քաղաքագետներն, այնուամենայնիվ, այսպիսի սցենարը պակաս հավանական են համարում։ «Տարածաշրջանում բավական թշնամական մթնոլորտ է, ուստի չեմ կարծում, թե այդ ձեւաչափը կենսունակ է»,- կարծում է արեւելագետ, քաղաքագիտության թեկնածու Լարիսա Ալեքսանյանը։ Նրա հետ համաձայն է վրացի վերլուծաբան Արչիլ Սիխարուլիձեն։ «Ինչ վերաբերում է «վեցի» ձեւաչափին, ապա Վրաստանի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը հայտարարել են. Վրաստանը չի միանա ցանկացած ձեւաչափի, որին կմասնակցի Ռուսաստանը։ Բացառված է, որ ԱՄՆ-ը, որը դրդում է Թբիլիսիին ճիշտ ռազմավարական քայլերի, կարող էր խորհուրդ տալ Թբիլիսիին միանալ եւ լսել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում։ Ինձ համար ակնհայտ է, որ վրացական քաղաքական էլիտաները խիստ կտրված են Հարավային Կովկասից, նրանք մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչ է առհասարակ  տեղի ունենում տարածաշրջանում, երբեմն ԱՄՆ-ը ստիպված է բացատրել նրանց, որ Թբիլիսիի ՆԱՏՕ մտնելու հեռանկարը բնավ չի նշանակում, որ Վրաստանը դադարում է լինել հարավկովկասյան երկիր կամ որ նա չպետք է ներգրավվի տարածաշրջանային գործընթացներին»,- համոզված է քաղաքագետը։

ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի դոցենտ Վլադիմիր Ավատկովը «Իզվեստիայի» հետ զրույցում ընդգծել է, որ վեցակողմ պլատֆորմը, որը մի քանի անգամ առաջարկել է Թուրքիան, անընդհատ հայտնվում է փակուղում։ «Հաշվի առնելով ՆԱՏՕ ակտիվ ընդլայնումը դեպի արեւելք եւ Ռուսաստանից թշնամու կերպար ձեւավորելու փորձերը՝ ԱՄՆ-ը ակտիվ քաղաքականություն է վարում Ուկրաինայի եւ Հարավային Կովկասի հանդեպ։ Վրաստանի հանդեպ ՆԱՏՕ-ն դա անում է ուղղակիորեն՝ ակտիվորեն Թբիլիսիին մղելով ինտեգրման; Հայաստանի հանդեպ գործում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, եւ Երեւանում էլ, միաժամանակ, ամենամեծ ամերիկյան դեսպանությունն է; Ադրբեջանի հանդեպ գործում է Թուրքիան։ ԱՄՆ-ը ջանում է այնպես անել, որպեսզի Անկարայի ձեռքով պոկի Անդրկովկասը Ռուսաստանից. խոսքն առաջին հերթին Ադրբեջանի եւ Վրաստանի մասին է, բայց դա կարող է պատահել նաեւ Հաաստանի պարագայում՝ կախված այն բանից, թե ինչպես այնտեղ կանցնեն ընտրությունները»,- կարծում է փորձագետը։

Այնպես որ, Հարավային Կովկասը լուրջ տեղ է զբաղեցնում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում, չնայած չի հանդիսանում երկրի կենսականորեն կարեւոր գոտի, ավելացրել է Ալեքսանյանը։ «Վաշինգտոնը տարածաշրջանը դիտարկում է որպես պլացդարմ Ռուսաստանը Կովկաս-Կասպյան տարածաշրջանից դուրս մղելու եւ Իրանի դիրքերի ամրապնդումը կանխելու համար։ Հարավային Կովկասի նշանակությունը ամերիկյան արտաքին քաղաքականությունում պայմանավորված է նաեւ այդ տարածաշրջանի ածխաջրածնային ռեսուրսներով ու Եվրոպա դրանց տեղափոխմամբ։ ԱՄՆ-ը չի պատրաստվում տարածաշրջանում տեղի ունեցողի զուտ դիտորդ լինել։ Նոր ստատուս քվոն, որը հանգեցրել է Ռուսաստանի դերի ուժեղացմանը, մասնավորապես՝ ռուսական խաղաղապահների ուժեղ զորակազմի հայտնվելը՝ մի կողմից, եւ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանում՝ մյուս կողմից, բացատրում է Բայդենի վարչակազմի ուշադրության բարձրացումը տարածաշրջանի հանդեպ»,- ասել է քաղաքագետը։

Իրենք՝ հարավկովկասյան պետությունները նույնպես հետաքրքրված են Վաշինգտոնի հետ մերձեցմամբ, համոզված է Սիխարուլիձեն։ «Վրաստանի համար ԱՄՆ-ը Ռուսաստանի այլընտրանքն է, ՆԱՏՕ մտնելու հնարավորություն, Բաքվի համար դա շանս է բարձրացնելու սեփական վարկը, ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իմիջին՝ որպես խաղաղասեր պետության, վնաս է հասցվել, համոզված է վերլուծաբանը։- Իսկ Երեւանի համար դա հնարավորություն է տարածաշրջանում դասավորության փոխվելու դեպքում աջակցություն գտնել Ռուսաստանի Դաշնությունից դուրս»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում». ԱՄՆ դեսպանը՝ սահմանագծում
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ...
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է հայ–ադրբեջանական սահման
NEWS.am-ի տեղեկություններով՝ դեսպանը եղել Գեղարքունիքի սահմանին...
Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպեց Աշխատանքի և սոցիալական…
Ներդրումային մթնոլորտը գնահատող միջազգային ցուցիչներով Հայաստանը լավ արդյունքներ է գրանցել
Հայաստանում ներդրողների համար առկա են բազմաթիվ հնարավորություններ, իսկ...
ԵՊՀ-ում մեկնարկում է «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագիրը
Հայ-ամերիկյան հարաբերություններ հիմնվում են ընդհանուր արժեքների ու ամուր գործընկերության վրա։ ԱՄՆ դեսպանությունն հպարտ է աջակցել այս…
Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հայտարարում է ԱՄՆ կառավարության շրջանավարտների վերապատրաստում
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» վերապատրաստում Հայաստանում...
Ամենաշատ