News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոսկրե գդալներ, քարեր եւ տարբեր արձանիկներ են գտնվել երկաթե դարի շինության ավերակներում։ Հին շինությունը հայտնաբերվել է Շոտլանդիայի հյուսիս-արեւելքում՝ Բրոքսմուտում, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Antiquity-ին։

Իրենց աշխատանքում Յորքի համալսարանի հետազոտողները ենթադրություն են արել, որ մահացած մտերիմ մարդու հիշատակի հետ կապված առարկաներ պահելը հնում սովորական բան է եղել։ Որպես նման առարկա, գիտնականների կարծիքով, կարող էր ծառայել ամենօրյա օգտագործման կենցաղային ցանկացած իր, օրինակ՝ գդալները կամ հեսանաքարերը։ Եվ երկաթե դարի մարդիկ այդ հուզական կապը պահում էին նույնքան խնամքով, որքան այսօրէ պահվում։

Շոտլանդական Բրոքսմուտ քաղաքում, որը բնակեցված է եղել մ.թ.ա. 640 թվականից մինչեւ մ.թ. 210 թվականը, առօրեական օգտագործման առարկաները, ինչպիսին են ձեռքի երկանքները եւ ոսկրե գդալները, որոնք գտնվել են տան պատերի միջեւ, կարող էին հատուկ դրված լինել այդտեղ մարդկանց կողմից, ովքեր այդ կերպ ցանկանում էին պահել ընտանիքի արդեն մահացած անդամի հիշատակը։

Դոկտոր Լինդսի Բյուսթերը Հնագիտության դեպարտամենտից ասում է. «Կարեւոր է հասկանալ հուզական ուժը, որը առօրյա առարկաները կարող են ձեռք բերել որոշակի ժամանակ եւ որոշակի հանգամանքներում։ Հնագետները ուշադրություն են դարձնում հայտնաբերված առարկաների բարձր նյութական արժեքին կամ քանակին։ Եվ կարծում են, որ այդ առարկաները, որոնք դեռեւս կարելի էր օգտագործել կենցաղում, ընծայաբերվել են աստվածներին մտերիմի հիշատակը պահելու համար։ Հետազոտությունում մենք հնագիտությունն օգտագործում ենք մտերիմների կորստի հասկացությունները ուսումնասիրելու համար։ Հնագիտության օգնությամբ  մենք կարող ենք տեսնել, որ անգամ ամենասովորական առարկաները կարող են ձեռք բերել հատուկ նշանակություն, եթե դրանք հիշատակում դառնան այն մարդկանց մասին, ովքեր արդեն ֆիզիկապես մեզ հետ չեն»։

Հետազոտողը նաեւ ավելացրել է, որ  հնագետները մերօրյա մարդկանց զգուշացնում են ժամանակակից հույզերը անցյալի հասարակության վրա տարածելուց։ Սակայն միաժամանակ նշում է, որ որոշ հույզերի ունիվերսալությունն, այնուամենայնիվ, թույլ է տալիս արտածել ժամանակակից փորձն անցյալի վրա, անգամ եթե շատ ավանդույթներ փոխվել են։ Դոկտոր Բյուսթերը կարծում է, որ վշտի եւ կորստի զգացումը այդպիսի հույզերի վառ օրինակներից է, անգամ եթե այն միջոցները, որոնցով դրանք արտահայտվել են, այն ժամանակ այլ ձեւ ունեին։ Այս հետազոտությունն օգնում է գիտնականներին հասկանալ անցյալի մարդկանց, որոնց կենսափորձը որոշ հարցերում այնքան էլ չի տարբերվում մերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ