News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մաքրման ծառայություններ մատուցող «ՍԿԱՅ ԳՐՈՒՊ» ընկերությունը շուրջ չորս ամիս չի վճարել «Հայփոստի» տարբեր բաժանմունքներում իր աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընկերության նախկին աշխատակից Աիդա Ղարիբյանը, որին ընկերությունը պարտք է 160 հազար դրամ։

«Իմ աշխատավարձը հիսուն հազար դրամ է, ես նոյեմբերին և դեկտեմբերին ստացել եմ 20-հազարական դրամ, իսկ հունվարին և փետրվարին առհասարակ չեմ ստացել»,- նշեց նա։

Ընկերությունը մի քանի տարի համագործակցել է «Հայփոստի» հետ և մատուցել է մաքրման ծառայություններ։ Աիդա Ղարիբյանի խոսքով՝ մարտից արդեն համագործակցում են այլ կազմակերպության հետ, որն էլ վճարում է աշխատավարձերը։ Ընկերությունը չի վճարել նաև Ծաղկաձորի, Սևանի և Հրազդանի բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձերը։

Մեզ հետ զրույցում «Հայփոստի» ներկայացուցիչն ասաց, որ իրենք կատարել են պայմանագրային բոլոր պարտավորությունները և ընկերությանը մշտապես ժամանակին փոխանցել են բոլոր վճարումները։

««Հայփոստը» «ՍԿԱՅ ԳՐՈՒՊ»-ին ոչ մի դրամ պարտք չէ։ Ընկերությունը մի քանի տարի շարունակ հաղթել է «Հայփոստի» հայտարարած տենդերային մրցույթում, սակայն մարտին չի մասնակցել մրցույթին»,- ասաց «Հայփոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

«ՍԿԱՅ ԳՐՈՒՊԸ» աշխատավարձ չստացած իր աշխատակիցներին նամակ է ուղարկել, որտեղ նշում է, որ պարտավորվում է մինչև սույն թվականի հունիսի 30-ն ամբողջապես մարել իր ֆինանսական պարտավորությունները։

Ընկերության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, քանի որ ընկերության հեռախոսահամարը, որը նշված էր համացանցում, զանգին արձագանքած քաղաքացու խոսքով, երկար ժամանակ է, ինչ ընկերությանը չի պատկանում։ Աշխատակիցների փոխանցած համարը, որով սովորաբար կապ են հաստատել տնօրենի հետ, չի արձագանքում։

Տպել
Ամենաշատ