News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունում դեռ չեն հաշվել, թե հայհոյանքը քրեականացնող օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քանի՞ անձ է դիմել իրենց՝ «ծանր վիրավորանքից» պաշտպանվելու համար։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանության գլխավոր շտաբից հայտնեցին, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում ՔՕ 137.1–րդ հոդվածի՝ ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով հանցագործության դեպքեր չեն հաշվառվել։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն NEWS.am–ին տեղեկացրել էր Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հիշյալ հոդվածի հատկանիշներով հարուցված մեկ քրեական գործի մասին, որն առնչվում էր ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից մեկ այլ օգտատիրոջը հայհոյելուն։ Նախօրեին էլ ոստիկանության լրատվական ծառայությունը լրատվամիջոցներին տեղեկացրել էր Ֆեյսբուքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու փաստով՝ ՔՕ 137.1 հոդվածի հատկանիշներով  քրեական գործ հարուցելու մասին։

Հիշեցնենք, որ հայհոյանքը քրեականացնող օրենքի փոփոխությունն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 31–ին։

Քրեական օրենսգրքում լրացվել է 137.1 հոդվածը, որը վերաբերում է ծանր վիրավորանքին։ Այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև երեք ամիս ժամկետով:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո էլ իրավաբանները և ոլորտի փորձագետներն արձանագրում են՝  137.1 հոդվածն ունի որոշակիության հետ կապված խնդիր, ինչն իրավապահների և դատարանների համար խնդիրներ է ստեղծելու «ծանր վիրավորանքի» գնահատման և ապացուցման հարցում։

«Art Of Law» փաստաբանական գրասենյակի տնօրեն, զրպարտությանն ու վիրավորանքին առնվող գործերով մասնագիտացած իրավաբան Էդգար Հակոբյանի կարծիքով՝ հոդվածը կիրառելիս «ծանր վիրավորանք» ձևակերպումը սուբյեկտիվ ընկալումների և չարաշահումների տեղիք է տալու։

«Օրինակ դատավորը «ծանր վիրավորանքը» կարող է այլ կերպ մեկնաբանել, վիրավորվող անձը կամ տուժողն՝ այլ։ Վիրավորանք հասցնողը կարող է օրինակ պատճառաբանել, որ ինքը վիրավորելիս գիտակցել է, որ այն «ծանր» չէ և, որ իր արած արտահայտության համար  կարող է քաղաքացիաիրավական պատասխանատվության ենթարկվել։ Այն ձևակերպումը, որը որոշակի չէ, սուբյեկտիվ ընկալումների հետ է կապված, արդյունքում չարաշահումների պատճառ է դառնալու, և հնարավորություն է տալու կողմերին ավելի վստահ վիրավորել միմյանց՝ արդարանալով, որ իրենք տվյալ վիրավորանքը կամ հայհոյանքը «ծանր» չեն որակում»,–ասաց նա։

Վերջինս կողմ է, որպեսզի քրեաիրավական պատասխանատվություն նախատեսվի ոչ թե ծանր վիրավորանքի, այլ կոնկրետ սեռական բնույթի հայհոյանքների համար։

«Սեռական բնույթի հայհոյանքների դեպքում, թե նախատեսվի քրեաիրավական պատասխանատվություն, մարդիկ հնարավոր է ավելի կոռեկտ գտնվեն իրենց ձևակերպումներում։  Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման համար քաղաքացիական օրենսգրքով նախատեսված փոխհատուցման չափը մինչև 2 մլն դրամ է, սակայն դատական պրակտիկայում վիրավորանքի համար հիմնականում բավարարվում են 200–300 հազար  դրամ փոխհատուցում սահմանելով։ Գործող օրենքն արդեն իսկ ունի զսպող մեխանիզմներ, թեև այն անձինք, որոնք չունեն ֆինանսական խնդիրներ, հանգիստ կարող են անձին հրապարակային վիրավորել և վճարել փոխհատուցում։ Եղել են դատական գործեր, երբ պատասխանողը հենց նիստերի դահլիճում վճարել է նախատեսված գումարը և հայհոյել հայցվորին, սակայն նման դեպքերը շատ չեն»,–ասաց իրավաբանը։

Հարցին՝ արդյո՞ք 137.1 հոդվածի կիրառումը թույլ կտա բացահայտել վիրավորանք կամ հայհոյանք տարածող կեղծ օգտատերերին, իրավաբանը պատասխանեց.

«Քրեական գործի  շրջանակում ձեռքբերվող օպերատիվ հետախուզական տվյալների արդյունքում հնարավոր է պարզել կեղծ օգտատերերի ինքնությունը, ինչը քաղաքացիաիրավական հարթությունում հնարավոր չէ անել։ Ներկայումս՝ սոցիալական ցանցերի զարգացմանը զուգահեռ խնդիրներ են առաջանում ապացուցելու վիրավորանք կամ հայհոյանք հասցնելու հանգամանքը։ Օրինակ՝ վերջին ժամանակներս հաճախ որոշ մարդիկ Ինստագրամի կամ Ֆեյսբուքի սթորիներում տեղադրում են ինչ–որ ընկերության կամ անձի բարի համբավն արատավորող գրառումներ, որոնք 24 ժամ հետո ջնջվում են. հետագայում, եթե վիրավորանքի հասցեատերը հասցրած չլինի ֆիքսել կամ իր մոտ պահպանել այդ գրառումը, քաղաքացիական գործի շրջանակում մեծ խնդիրներ է ունենում ապացուցման հետ կապված, իսկ քրեաիրավական հարթությունում ապացուցողական բազան ավելի մեծ է»։

Ամփոփելով՝ փաստաբանն արձանագրեց, որ օրենքի փոփոխությունն ավելի շատ քաղաքական նպատակներ ունի. իշխանություններն այդ կերպ փորձելու են զսպել քաղաքական ենթատեքստով արվող մեկնաբանություններն ու վիրավորանքները։

«Եթե նպատակը հավասարակշռությունը պահելն էր և հայհոյելու արատավոր երևույթը հասարակության մեջ վերացնելը, ապա պետք էր որոշակիություն մտցնել։ Համոզված եմ, որ քրեական օրենսգրքում ավելացված 137.1 հոդվածի կիրառելիս քրեական գործի ինչ–որ փուլում իրավապահները որոշակիության խնդրի են բախվելու և հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու նպատակով կարիք է լինելու դիմել Սահմանադրական դատարան»,–եզրափակեց Էդգար Հակոբյանը։

Տպել
Ամենաշատ