News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօրվա քննարկման նպատակն այն է, որ իշխանությունը նկատել է՝ կան համայնքներ, որոնք իրենց չեն աջակցում, ամեն հրաման չեն կատարում, վարչական ռեսուրսի մեջ չեն ներգրավվում ընտրությունների ժամանակ, որոշել է խոշորացնել, փոխել համայնքի ղեկավարներին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա նշեց, որ համայնքների խոշորացումը ձեւական նպատակ չի կարող հետապնդել.

«Այն ունի կոնկրետ միջազգային փորձից բխող տրամաբանություն. այսինքն՝ նպատակը երբեք չի կարող լինել քաղաքական։ Այս իշխանությունն իրականացնում է մի աննախադեպ երեւույթ. այդ համայնքների ղեկավարների փոխարեն նշանակում է պաշտոնակատարներ, որ նրանք նախապատրաստեն ընտրություններին։ Իրականում 2021 թվականի մայիս ամսից ի վեր համայնքների խոշորացման պրոցեսը կտրուկ փոփոխության ենթարկվեց, պատճառը ՍԴ-ի 1593 որոշումն էր։ ՍԴ-ն հստակ ամրագրեց, որ դա պետք է իրականացվեն 2 պարտադիր պայմանների բավարարման դեպքում՝ փոքր համայնքների դեպքում՝ լսվելու իրավունքն է եւ տեղական հանրաքվեն՝ ավելի խոշոր համայնքների դեպքում։ Դուք լսե՞լ եք, որ տեղական հանրաքվե կատարված լինի։ ՍԴ-ի որոշում չկատարելը հանցանք է։ Այսօր ԱԺ նիստերի դահլիճում սղագրությամբ ֆիքսվեց, որ այս պրոցեսը հանցանք է»։

Պատգամավորն ասաց, որ այդ պրոցեսը կանխարգելելու միակ հնարավորությունն ունի Հանրապետության նախագահը. «Այս պրոցեսը կանխարգելելու տեսանկյունից մենք կարեւորում ենք այն միակ պաշտոնյային, ով մինչեւ այս խայտառակ ապօրինության՝ ուժի մեջ մտնելը կարող է կանխել, դա Հանրապետության նախագահն է։ Կարեւորում ենք, որ Հանրապետության նախագահը ոչ թե ստորագրի այս խայտառակ ապօրինի պրոցեսին վերաբերող օրենքը, որը վստահ եմ՝ ընդունվելու է»։

Անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ պատվաստումների մասին հրամանին՝ Վարդեւանյանը հայտնեց, որ այդ հրամանի վերաբերյալ դիմելու են Սահմանադրական դատարան.

«ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են շատ հայտնի եւ հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ մենք դիմելու ՍԴ, խնդրելու ենք նաեւ՝ կասեցնել այդ հրամանի գործողությունը։ Պատվաստումները շատ կարեւոր երեւույթ են, բայց պատվաստումները մշտապես յուրաքանչյուր անձի գիտակցված որոշման արդյունքը պետք է լինեն։ Ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներով, պետք է բացատրի, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի ցածր լինելու պայմաններում ասում են՝ գնացեք ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ պատվաստվեք, ստացվում է՝ հարկադրանք. պետությունն ինչո՞ւ իր վրա չի վերցնում այդ ծախսը, թող պետությունը սուբսիդավորի»։

Արամ Վարդեւանյանը նշեց, որ ՍԴ դիմումների հարցում լինելու են խիստ հետեւողական. «Քանի որ սա այն գործիքներից մեկն է, մեր հայրենակիցներին օգտակար լինելու, մատից փուշ հանելու համար իրականացնելու ենք շատ հետեւողական»։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին՝ պատգամավորն ասաց, որ նրա առողջական վիճակը ծանր է. «Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում կալանքի ֆետիշացում չպետք է լինի։ Հայաստանում կալանքը դարձել է քաղաքական գործիք, մարդկանց ճնշելու եւ լռեցնելու գործիք։ Արմեն Չարչյանի վիճակը շատ ծանր է։ Կարեւորում եմ, որ Չարչյանի գործով հրատապ նիստ նշանակվել է, գտնում եմ, որ այդտեղ իսկապես շատ մեծ էին ջանքերը պաշտպանի կողմից»։

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել իրենց կողմից՝ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ ներկայացված դիմումը. «Այն ոչ վերաբերում է զուտ ընդդիմադիր պատգամավորներին, այլ նաեւ իշխանական պատգամավորներին եւ ապագայում պատգամավորներին է վերաբերում»։

Տպել
Ամենաշատ